1․«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի որդու հետ կապված՝ ՀՀ զինվորական քննչական բաժնում քրեական գործ է հարուցված:
Բանն այն է, որ, թերթի տեղեկություններով, Աղաջանյանի որդին ամիսներ առաջ զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն իր հայրիկի՝ ՌՈ պետի՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ազատվել է ծառայությունից: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը Աղաջանյանի որդու՝ բանակից ազատման մասով հարուցել է քրեական գործ, այն ուղարկել Զինվորական քննչական բաժին:
Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը։ Ստացվում է, որ քննչական մարմինը հիմա ստուգում է այն հանգամանքը, թե որ բժիշկներն են սխալ եզրակացություն տվել, որ խնդիրներ ունեցող տղան զորակոչվել է բանակ:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ հունիսի 29-ին տեղի է ունենալու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների բաց մրցույթը։
Գլխավոր դատախազությունից հայտնել են՝ տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝ 25 դիմում, յոթ տեղի համար։
Մրցույթն անցկացնելու է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանն է՝ նախկին զինդատախազը։
3․ «Իրավունք» թերթը գրում է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երեւանի «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է գնել։
4․ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցությունում արդեն իսկ տեղյակ են, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները, իսկ ՍԴ նախագահն, իհարկե, հայտնի է` այսքան ժամանակ աշխատավարձ ստացած և չաշխատած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին կարգելու են նախագահ: Իսկ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կհամալրի ՍԴ դատավորների շարքը:
Ի դեպ, իշխանության մոլի երկրպագու դարձած Կ. Անդրեասյանն ամենևին էլ նորեկ չի լինի Սահմանադրական դատարանում: Նա դեռևս 2006-2007 թթ.-ին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Իմ քայլի որոշ պատգամավորներ, որոնք ինչ-ինչ թելերով անցյալում կապ են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունից հետո բանագնացների միջոցով փորձել են Ծառուկյանի մոտ մեղա գալ, որ իրենք այդ քվեարկությունն իրականացրել են ստիպված,և իրենցից ապացույցներ են պահանջել՝ չէին կարող այլ կերպ քվեարկել։
Ասել են, որ գործընթացի պատասխանատուն եղել է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով տղամարդ պատգամավորներին հոգեբանորեն ճնշելուց զատ, բոլոր պատգամավորներից պահանջել է իրենց քվեարկության մասին հավաստի ապացույց ներկայացնել ոչ թե լուսանկարի, այլ տեսանյութի տարբերակով։
6․ «Իրատես» թերթը գրում է, որ վերջերս նորից ակտիվացել են խոսակցությունները, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շուտով պաշտոնանկ կարվի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տոնոյանը ներկա չէր նախորդ շաբաթ անցկացված Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին, ինչպես նաև բացակայում էր արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը քննարկող խորհրդարանական նիստին, նախարարության բյուջեի կատարողականն էլ խորհրդարանում փոխնախարարն էր ներկայացնում, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ:
Որպես Տոնոյանի հավանական փոխարինողի՝ շրջանառվում է փոխնախարար Մակար Ղամբարյանի անունը: Վերջինս թեև անհեթեթ է որակում այս խոսակցությունները, սակայն լուրեր են պտտվում, թե նա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, որն էլ, անհրաժեշտության դեպքում, «վերևներում» բարեխոսելու է Ղամբարյանի օգտին:
7․ «Իրատես» թերթը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցության՝ նախորդ շաբաթվա ավարտին տեղի ունեցած նիստի ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգում է եղել նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարցը:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականներին խստագույնս անհանգստացնում է այն հանգամանքը, որ դատաիրավական ոլորտում իշխանությունը մեկը մյուսից հետևից ձախողումներ է գրանցում: «Իմ քայլի» ներկայացուցիչները որևէ կերպ «մարսել» չեն կարողանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ձևի փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու հանգամանքը, ինչպես նաև ՍԴ-ի մասով Վենետիկի հանձնաժողովից ոչ միանշանակ, ինչ-որ տեղ անգամ քննադատող եզրակացությունը:
Արշալույսները խաղաղ չեն նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչների համար: Իշխանության վերնախավը մեղադրական հարցապնդումներ է հղում պատգամավորներին, թե ինչպես է ստացվում, որ օրենսդրական գրեթե ոչ մի նախաձեռնություն առանց քննադատության, սահուն չի անցնում:
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու դատարանի որոշմանը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է։
Ծառուկյանի հետ կապված էլ իմքայլականները հետաքրքրվել են՝ կձերբակալվի՞, Փաշինյանն այս հարցին էլ չի պատասխանել՝ դա միայն դատարանը գիտի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






