ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 13:00-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ փոփոխելու երկրի մայր օրենքը՝ ՀՀ Սահմանդրությունը։ Մարուքյանի տեղեկացմամբ՝ սահմանված է երեքժամյա ռեժիմ՝ առաջին ընթերցմամբ ընդունվում է նախագիծը, 3 ժամ նախատեսվում է առաջարկությունների համար, ապա երկրորդ ընթերցում։ Պատգամավորը նշել է, որ ամբողջ աշխարհում ամիսներ շարունակվում է քննարկումները Սահմանադրությունը փոփոխելու համար, ընդ որում Հայաստանում արվում է ժամերի ընթացքում, քանի որ երեքժամյա ռեժիմ է, ըստ ԼՀ խմբակցության ղեկավարի՝ ակնհայտ է, որ այն ՍԴ չի ուղարկվելու։ Մարուքյանի տեղեկացմամբ՝ իրենք ասելիք չունեն, չի բացառվում, որ ԼՀ խմբակցությունը նիստին չմասնակցի։
ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ ՍԴ փոփոխությունների հանձնաժողովը աշխատանքներ տանում է՝ ՍԴ համապափակ փոփոխությունների ուղղությամբ։ Նա նշեց, որ հարցի հրատապությունը չի կարող հասկանալ, որովհետև մայր օրենքում կատարված փոփոխություններին անգամ պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ։
«Փոփոխությունները նախատեսվում են երկու ուղղությամբ՝ 12 տարվա դատավորները, ըստ էության, պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, երկրորդը՝ ՍԴ նախագահը կընտրվի նոր ընթացակարգով։ Երկու հարցն էլ իրավական տեսանկյունից խնդրահարույց է։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք հայցելու համար, բայց չեն սպասել կարծիքի տրամադրմանը և պատգամավորներով նախաձեռնել օրենքի այս հոդվածի փոփոխությունը։ Չի՛ կարելի մի բան հայցել միջազգային կառույցներից և առանց այն ստանալու գործընթացը սկսել։ Մյուս խնդիրը՝ նույն իրավաբան պատգամավորները փետրվարի 6-ին ամբիոնից հայտարարում էին, որ այս հարցը կարող է բացառապես հանրաքվեով լուծվել, որովհետև Սահմաադրությունը թույլ չի տալիս հարցի լուծում խորհրդարանում, հիմա պարզվում է՝ կարող են։ Մի շարք հարցերի պատասխան չստանալով խորհրդարանը գնում է առաջ՝ դրանով գցելով ՀՀ միջազգային իրավական վարկը»,-նշեց Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ այն որ, խորհրդարանը որոշել է չդիմել ՍԴ, խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի Սահմանադրության փոփոխությունների պարագայում խորհրդարանը առաջին ընթերցումից հետո պետք է դիմի ՍԴ․ սա իմպերատիվ դրույթ է, եթե չի պահպանվում՝ այս դրույթը՝ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը։
Մարուքյանն էլ հավելեց, որ նախնական որոշումն այլ էր և այժմ գործարքի տարրեր են նկատվում՝ թույլ տալով Հրայր Թովմասյանին մնալու ՍԴ դատավորի կարգավիճակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






