Այս շաբաթ արդեն ավանադական դարձած կորոնավիրուսիային վարակի շուրջ ընթացող առողջապահական և դրանից ածանցյալ ներքաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումներն իրենց տեղը զիջեցին երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր շրջադարձերով։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Շաբաթվա սկզբին կայացած պարետատան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմակների կրման կարգապահությունը մեծացնելու համար նոր որոշումներ են ընդունվել. այդուհետ քաղաքացիները դիմակ չկրելու համար կտուգանվեն՝ 10 հազար դրամ, իսկ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար ևս 10 հազար դրամ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ահազանգեց հիվանդանոցային ծանրաբեռնվածության մասին՝ նշելով, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ հիվանդանոցներում, որտեղ նեղ մասնագիտական կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում և կարիք ունեն տեղափովելու կորոնավիրուսային հիվանդանոց:
Արցախում Կորոնավիրուսի դեմ պայքարում ուշագրավ էր հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում արագ թեստավորման լաբորատորիաների գործարկումը։
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Շաբաթվա ներքաղաքական քրոնիկոնն ալեկոծվեց ԲՀԿ կուսակցության նախկին գործունեության հետ կապված բացահայտումներով։ Մասնավորապես ԱԱԾ-ի կողմից բացահայտվեց, որ 2017թ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում ԲՀԿ կուսակցությունը ստեղծել և իրականացրել է ընտրակաշառքների բաժանելու համակարգված ընթացակարգեր։ ԱԱԾ-ի բացահայտումներից հայտնի դարձավ նաև, որ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ պարտավորագրեր են հանձնել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընտրություններում որոշակի քանակի ձայնի ապահովման, իսկ իրենց հետագա պառլամենտական գործունեության ընթացքում կուսակցության առաջնորդին հավատարիմ լինելու վերաբերյալ։
Այս բացահայտումից հետո Գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրեց ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու, նրա նկատմամաբ քրեական գործ հարուցելու և ազատազրկելու վերաբերյալ։ Միջնորդագրի քվերակությանը ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության պատգամավորները չմասնակցեցին և այն ընդունվեց 87 կողմ ձայնով։ Գագիկ Ծառուկյանն այդպիսով զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Սակայն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց չկալանավորել Գագիկ Ծառուկյանին և այդպիսով մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
Խորհրդարանում, իսկ այդուհետ նաև այլ հարթակներում սկսվեց ԲՀԿ-ական պատգամվորների և իշխող ուժի ներկայացուցիչների միջև կոշտ փոխհրաձգություն։ Զուգահեռաբար երկրում սկսված իրադրության շուրջ ԲՀԿ-ականները սկսեցին ակտիվ քննարկումներ նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Այդպիսի կարևոր հանդիպումներից էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումը։
ԴԱՏԱ-ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Ներքաղաքական իրադրությանը զուգահեռ լայն թափով շարունակվեցին նաև դատա-իրավական գործընթացները։ Մասնավորապես, ՔԿ-ն մեղադրանքներ առաջադրեց «Մուլտի գրուպ»-ի փոխտնօրենին, Առինջ համայնքի ղեկավարին և Գագիկ Ծառուկյանի մերձավորագույն շրջապատից որոշ այլ անձանց։
Շաբաթվա քրեական լրջագույն գործերից էր նաև Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքերով հարուցված քրեական գործերը։
Իր հերթին հայտարարություն տարածեց նաև Ոստիկանությունը, ըստ որի՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարություններից հետո կատարված ստուգումների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։
Շաբաթվա հաջորդ շրջադարձային իրադարձությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխումն էր գրավի դիմաց ազատ արձակմամբ։ Դրանով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատախազությունն էլ հայտարարեց, որ Վերաքննիչ քրեկան դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկում։
Հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը՝ Սահմանադրական կարգը տապալելու գործով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով։ Նշվեց, որ, ըստ էության, Ազգային սահմանադրությունները և օրենսդրությունը անդամ պետություններում մեկը մյուսից տարբերվում են՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված վարվելակերպի առումով:
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Շաբաթվա ընթացքում մի շարք կարևոր ներպետական կառուցակարգային որոշումներ և քննարկումներ տեղի ունեցան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը: «Հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»,-իր ելույթում հայտարարեց վարչապետը։
Արմեն Սարգսյանը ստորագրեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի՝ շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ քննարկեց «Գազպրոմ-Արմենիա»-ի ներկայացրած՝ սպառողներին վաճառվող գազի սակագների բարձրացման հայտը։ Քննարկման արդյունքում որոշվեց առաջարկել սպառողների համար գազի գինը նույնը թողնել, որոշակի սահմանաչափով ավելացնել տնտեսվարողներին տրամադրվող գազի սակագինը։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Շաբաթվա ուշագրավ իրադարձություններից էր Նիկոլ Փաշինյանը հղած նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում վերջինս հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ «Գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը»,-նշել է վարչապետը։
Արցախյան հակամարտության կարգավորման առումով կարևոր էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ մինչեւ հունիսի վերջ կանցկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին նվիրված հեռակա խորհրդաժողով:
Հայաստանի և Արցախի համընդհանուր անվտանգային հարցերի քննարկման համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ հունիսի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի իշխանություններին կոչ արեց զերծ մնալ ընդդիմության վրա ճնշումներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







