Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հունիսի 15-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներ, արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը, և պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ Սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը:
«Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների: Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու: Մի քանի օր առաջ ես այլ համատեքստում անդրադարձել եմ այդ խնդրին, հիմա կարծում եմ՝ պատեհ առիթ է անդրադառնալ այս միջավայրում»,- ասել է կառավարության ղեկավարը:
Փաշինյանը նշել է, որ վարչապետի կարգավիճակով, շատ պրոբլեմների մեջ խորամուխ է լինում, անխուսափելիորեն արձանագրում է մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև:
«Շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կարգը չունեն հանրային բավարար ընկալում, սրա պատճառներից մեկը գուցե կարող է լինել հենց դա, որ պետական կարգը չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Իսկ ինչո՞ւ չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Կարծում եմ՝ կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի և այդ պետական կարգի ձևավորմանը, և սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր, հայեցակարգային, փիլիսոփայական և բովանդակային պրոբլեմն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի, կամ պետական կարգի և քաղաքացիների ամբողջության, ժողովրդի կամքի միջև: Սա մեծագույն խնդիրն է, որ դրված է մեր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



