ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահոգությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման կապակցությամբ:
«Նիկոլ Փաշինյանի հրահանգով մի ակնթարթում միանգամից մի քանի քրեական գործ հարուցվեց ժողովրդի սերը վայելող, նրա շահերի համար պայքարող Գագիկ Ծառուկյանի դեմ»,-նշված է հայտարարության մեջ։
ԽԽՄԿ կենտրոնական խորհուրդը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ տեսնում է Արևմտյան խորհրդականների ձեռքը, որոնք, ըստ Կոմկուսի, քաոս և «գունավոր հեղափոխություններ» են սերմանում եղբայրական հանրապետություններում, որոնք միջամտում են այդ երկրների ներքին գործերին և հետապնդում են իրենց անձնական քաղաքական շահերը։
«Արդյունքում դա կհանգեցնի հանրապետությունում առանց այդ էլ ոչ դյուրին ներքին իրավիճակի ապակայունացմանը և հերթական «Մայդանի հեղափոխության» ու քաղաքացիական դիմակայության։ Հիմա, փաստորեն, հաշվեհարդար է տեղի ունենում մի մարդու նկատմամբ, ով ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի հեղինակությունը և հարգանքը»,-նշում են կոմունիստները։
ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միությունը հայտարարել է, որ համակարծիք է Հայաստանի Կոմունիստական կուսակցության այն կարծիքի հետ, որոնք Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ժողովրդի ընտրյալ եւ իր ժողովրդի արժանի զավակ Գագիկ Ծառուկյանի պաշտպանությամբ են հանդես գալիս:
ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության Կենտրոնական Խորհուրդը ամեն կերպ աջակցում է «Բարգավաճ Հայաստանի» անփոփոխ առաջնորդ և ժողովրդի ընտրյալ Գագիկ Ծառուկյանին։
«Դադարեցրեք քաղաքական հաշվեհարդարն ու հալածանքը նրա ու նրա ընտանիքի նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







