ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ սոցցանցերում վարչապետի ընտանիքի անդամներին վիրավորելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան էջից։
Ըստ հաղորդագրության՝ պատգամավորը նշել է, որ սոցիալական ցանցերում արձանագրվել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես նրա երեխաների և կնոջ նկատմամբ ատելություն և վիրավորանք պարունակող լուսանկարներ:
Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ այդ հրապարակումների հեղինակներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար նամակով դիմել է ոստիկանություն, ինչպես նաև խնդրել ՄԻՊ-ին ուշադրություն դարձնել այդ հարցին:
«Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջեւ հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն»,-նշել է ՄԻՊ-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






