Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն Ազգային ժողովում խոսեց օտարերկրյա հեռուստաընկերությունների՝ Հայաստանում հեռարձակման մասին ու ասաց, որ շահարկման կարիք չկա, որովհետև դրանք միջպետական համաձայնագրերով են հեռարձակվում։
Արշակյանը նկատեց, որ օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակումն ու վերահեռարձակումը Հայաստանում քաղաքական կոնտեքստ չունի, այլ ունի տեխնիկական, միջպետական բնույթ՝ եթե այդ ալիքները հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսով, ապա հաշվի է առնվում նաև հայկական շահը, և հայկական հեռուստաընկերություններն էլ կարող են հեռարձակվել այդ երկրներում։
«Որևէ պետության, որևէ հեռուստաընկերության հեռարձակումն ու վերահեռարձակումը միջպետական համաձայնագրերով կենթադրի հայկական հեռուստաընկերությունների վերահեռարձակում այդ պետությունների տարածքում ևս»,- նշեց նախարարը։
Նախարարը նշեց, որ հեռարձակման հասանելիությունը ՀՀ տարածքում այն հեռուստաընկերությունների համար, որոնք հանրապետական սփռում ապահովող լիզենզիա ունեն, հասնում է 100 տոկոսի։ Այն տարածքներում, որտեղ չունենք հեռարձակող հեռուստաաշտարակներ, ապա կա արբանյակային հեռարձակում, որը սուբսիդավորրում է ՀՀ կառավրության կողմից։ Նա նկատեց, որ հանրային մուլտիպլեքսի ծառայությունը, որը մատուցվում է հեռուստաընկերությունների համար իր ինքնարժեքից ցածր է։
Ինչ վերաբերում է խոսքի ազատության և տեղեկատվության հավաստիության հարցերին, Արշակյանը վստահ է, որ ոլորտում խնդիրներ կան։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որ հասարակությունը զերծ մնա մանիպուլյացիոն գործիքների ազդեցությունից։
Արշակյանը խոսեց նաև հարևան երկրներից եկող հեռուստառադիոալիքների մասին, ասաց, որ ֆիզիկային դեմ է, որ հարևան պետությունում հեռարձակվի ու սահմանային շրջաններում չհասնի։ Նախարարը նշեց, որ այնուամենայնիվ, ուժգնության ստանդարտներ կան, ու հիմա տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ մրցույթ են անում, որ հարցի լուծման համար սարքավորումներ ձեռք բերեն։
«Քանի այստեղ նստած կառուցողական քննարկում ենք անում, ինչ-որ լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել, թե մենք այս կամ այն երկրի դեմ, կամ հեռարձակողների դեմ օրինագիծ ենք ընդունում։ Այսպիսի տեղեկատվական ստերը հասնում են մեր միջպետական հարաբերությունները խաթարելու գործողությունների։ Կոչ եմ անում այսպիսի նյութերը, արարքները դադարեցվեն»,- նշեց նախարարը՝ անվտանգության մարմիններին կոչ անելով համապատասխան միջոցներ կիրառել, եթե կոնկրետ գծի են այդ արարքները հետևում։
Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ օրինագիծն արդեն կրթական, լեզվական, մշակութային խնդիրների է անդրադառնում:
«Ընկերությունները, որոնք որ կշահեն լիցենզիա և կստանան հեռարձակման իրավունքը, հանրապետության ողջ տարածքով կամ որոշ սահմանափակումներով նաև պետք է հնարավորություն ունենան հեռարձակվելու ոչ օդային միջոցներով՝ օպտիկական, մալուխային ցանցերի միջոցով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ գործող կարգը հնարավորություն է տալիս հանրային մուլտիպլեքսում տեղ ունեցող հեռուստաընկերություններին այս կամ այն վերգետնյա հեռարձակողի օպտիկական կամ մալուխային ցանցի միջոցով չտրամադրել իրենց ունեցած տեղեկությունները:
Ասաց՝ դա որոշ առումով ներառում է բիզնես տրամաբանություն, քանի որ քոնթենթի տերը հեռուստաընկերությունն է: Նախարարը շեշտեց՝ եթե հաշվի առնեն այն, որ լիցենզիա է տրամադրվում հեռուստաընկերություններին նաև հանրային ռեսուրսներն օգտագործելու տեսանկյունից, հանրային սուբսիդավորմամբ պետական ռեսուրսների հաշվին, ապա դրանք պետք է հասանելի լինեն, սփռում ապահովեն այլ ենթակառուցվածքների միջոցով ևս:
Արշակյանը տեղեկացրեց, որ օրենքը մշակող պատգամավորների հետ քննարկել են այդ հարցը և առաջարկեց՝ լրամշակումը ևս մինչև երկրորդ ընթերցում ներառել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







