«Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ ու շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության, լրագրողների իրավունքների պաշտպանը և լրագրողների գործունեությունը խոչընդոտելու ցանկացած փորձ կդատապարտեմ»: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ-ի մոտ լրագրողների ու ոստիկանների միջադեպին:
«Ես կադրերը չեմ տեսել, լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, զուգահեռ լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել։ Կրկնում եմ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել»,- ասել է Միրզոյանը:
ԱԺ նախագահը շեշտել է, որ էական են կատարվածի մանրամասները, ու եթե որևէ խախտում կա, պետք է ծառայողական քննություն անցկացվի:
«Գուցե այն պահին, երբ դուք հարցազրույց եք վերցրել, զգուշացվել և խնդրանք է եղել ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացման արգելքին, ես չգիտեմ, իսկապես մանրամասներն էական են, եթե որևէ կերպ խախտվել է, իհարկե ես դատապարտում եմ և կարծում եմ, որ պետք է լինի ծառայողական քննություն, բայց միևնույն ժամանակ պետք է լրագրողներն էլ հասկանան, որ կանոնները, օրենքները համընդհանուր են և որևէ մեկին, ինչպես ոչ քաղաքական գործչին, ինչպես ոչ գործարարին այնպես էլ լրագրողին չի դասում օրենքից վեր»,-նշել է Միրզոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







