Այս պահին նորմալ, դրական և կոնստրուկտիվ քննարկման մեջ ենք ընդդիմադիր գործընկերների հետ: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի մոտ, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով քննարկման ավարտին տեղեկացնել:
Ինչ վերաբերում է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությանը, Արման Աբովյանն ասաց. «Առայժ ոչ մի տեղեկության չեմ տիրապետում, թե ինչ է կատարվում դատարանի ներսում, իրավական պրոցես է ընթանում: Դատարանից ունենք մի ակնկալիք, որ պաշտպանի ՀՀ քաղաքացիների շահերը»։
Ըստ նրա, եթե կալանավորման որոշում կայացվեց, ապա դա կլինի քաղաքական հետապնդումների և տոտալ ճնշումների տրամաբանության մեջ։
Քաղաքացիների հավաքին մանակցելու վերաբերյալ Աբովյանը նշեց, որ հավաքն ինքնաբուխ է, իրենք հորդորում են չհավաքվել. «Սակայն այստեղ միայն ԲՀԿ անդամներ չեն, այլ հարյուրավոր քաղաքացիները գալիս են, որ լինեն մեզ հետ և սա այն սարսափն է, որ մտավ իշխանության մեջ, իրենք չէին սպասում»:
Դիտարկմանը, թե տարիներ առաջ ճնշումների արդյունքում ԲՀԿ ղեկավարը լքեց քաղաքականությունը և հարցին՝ հնարավո՞ր է թողնեք քաղաքականությունը, ԲՀԿ պատգամավորը նշեց, որ իրենք չեն լքելու քաղաքականությունը. «Պայքարել և պայքարելու ենք արժանապատիվ մարդու համար: Մեր խնդիրն է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ երկիրը դուրս գա այս անտանելի իրավիճակից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






