Հայաստանը չի կարող անտարբեր մնալ հայ համայնքին հուզող համահայկական խնդիրների հանդեպ։ Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե Լիբանանը լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնած, ինչն ազդում է նաև հայ համայնքի վրա, Կառավարությունը որևէ աջակցություն մտադի՞ր է ցուցաբերել նրանց։
Արտգործնախարարը նշեց, որ հարցը շատ զգայուն ու կարևոր է ողջ հայության համար։
«Լիբանանում հայ համայնքը սահմանադրորեն մաս է կազմում պետության ինստիտուցիոնալ համակարգի և բարեկամ Լիբանանի բազմակոնֆեսիոնալ պետական ճարտարապետության մեջ։ Երկրի քաղաքական կյանքի ինքնուրույն դերակատար և միավոր է: Լիբանանահայերը նվիրված են երկրին և հավասարապես կիսում են ձեռքբերումներն ու դժվարությունները, լիբանահայ համայնքը ինչ-որ չափով ցեղասպանության արդյունք է և ատելության խոսքի ցանկացած դրսևորում առանձնահատուկ մտահոգվելու տեղիք է տալիս: Կրոնական, էթնիկ, ռասայական խտրականություն և ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է առաջին հերթին բարեկամ Լիբանանի ներքին կայունության, պետական կառուցվածքի և հասարակական համակեցության հիմնարար արժեքների համար:
Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը, հանրությունը, ոչ միայն լիբանանահայությունը խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորումների դեմ»,- նշեց Մնացականյանը՝ հավելելով, որ դիվանագիտական բոլոր միջոցներով մշտական կապի մեջ են համայնքային բոլոր կառույցների հետ:
Նախարարը նշեց, որ բավական ճգնաժամային է լիբանանահայերի սոցիալ-տնտեսական վիճակը, խորհրդակցություններ անցկացվում են այս հարցի շուրջ, բայց անմիջական օգնության առումով անդրադարձ կկատարվի, երբ ավելի հստակ լինի ինֆորմացիա լինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






