«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական բեսպրեդելը բոյկոտում է ԱԺ նիստը և լքում նիստերի դահլիճը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արման Աբովյանը։
«Ցավում եմ, որ մեծամասնությունը, ով Հայաստանում իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները վերականգնելու, ՀՀ-ում մարդու խոսքի ու կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա ճանապարհ չէ, սա ՀՀ-ն դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը՝ վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված այս անօրինական քվեարկությանը։ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի, մենք պայքարելու ենք ՀՀ-ում իրական ժողովրդական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքների համար»,-նշեց Աբովյանը։
Պատգամավորը երեկ ԱԺ քվեարկությունը՝ գլխավոր դատախազի անմիջական միջնորդությամբ ոչ այլ ինչ, քան քաղաքական հաշվեհարդար համարեց, մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի նկատմամբ։ Նա նշեց, որ միջագային հանրությունը, եվրոպական կառույցները ուշի ուշով հետևում են ՀՀ-ում ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընթացող ռեպրեսիվ գործողություններին։
Նշենք, որ նախօրեին խորհրդարանը բավարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






