ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը: Այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման ամփոփոիչ ելույթում։
«Այս ամենը սկսվեց, երբ ԲՀԿ քաղաքական խորհրդի հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների՝ տարբեր ոլորտների ձախողումները և ասաց՝ լրջացեք, հետևություններ արեք, երկիր ենք կորցնում, կորոնավիրուսը դարձել է անկառավարելի Հայաստանում»,-ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով իր հայտարարագրին, Զոհրաբյանը նշեց, որ 13 տարի է այն տպված է և վերջին ինը տարվա մեջ ոչ մի «ստրոչկա» չի փոխվել:
«Իմ հայտարարագրից ես չեմ հրաժարվում, իմ հայտարարագիրը շատ ավելի համեստ է, քանի մի քանի տարի հետո շատ պաշտոնյաների հայտարարագրեր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, որը կազմվել է ԲՀԿ գրասենյակի իր աշխատասենյակի խուզարկության արդյունքում, Զոհրաբյանը նշեց, որ իր համար կարևոր է, որ այս իրավական ֆուտուրիստական ֆարսը ձեր և ձեր մանուկ ԱԱԾ ղեկավարի հետ միասին հասնի մինչեւ Եվրոպական դատարան։
«Ես դա խոստանում եմ, եթե անգամ դա իմ կյանքն արժենա։ Ինչ էլ անեք, ինչ էլ հրապարակեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելուս վերջին շնչով ասելու եմ այն ինչը մտածում եմ»,- ասաց պատգամավորը։
ԲՀԿ պատգամավորը նշեց, որ Արթուր Դավթյանն իրավական որևէ հիմք չներկայացրեց, թե ինչու պիտի Գագիկ Ծառուկյանին մեղադրանք ներկայացվի։
«Դուք չկարողացաք որևէ փաստարակ ներկայացնել, որ Գագիկ Ծառուկյանը ձեր նշած X անձին գումար է տվել՝ ինչպես Դուք եք ներկայացնում՝ ընտրակաշառք բաժանելու համար: Ձեր ներկայացրած թուղթն ընդամենը թուղթ է, այն իրավական փաստաթուղթ չէ, իրավական որևէ ուժ չունի։ Ես անհարմար եմ զգում որ ձեր կալիբրի իրավաբանին դրել են այսպիսի ծիծաղելի իրավիճակի մեջ, ինչպես դրել էին նախորդ անգամ, երբ ստիպեցին Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացնել միջնորդություն։ Դուք որպես պրոֆեսիոնալ ձեր քաղաքական մահկանացուն կնքեցիք այս դահլիճում։ Մենք սկսում ենք ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց։ Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր, գիտեմ՝ ինչ քինախնդիր անձնավորություն եք: Դուք կատարում եք քաղաքական պատվեր, և Դուք պատասխան եք տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը, իսկ այդ վաղը շատ ուշ չի լինելու»,- նշեց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իրեն օգնելու են Եվրոպական դատարանի հետ աշխատող լրջագույն փաստաբաններ, և ինքը ապացուցելու է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը քաղաքական հաշվեհարդար է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






