«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով 2018թ.-ից առ այսօր իշխանության կողմից ԲՀԿ-ի լեգիտիմության վերաբերյալ հնչած գնահատականները:
Մարուքյանը ԲՀԿ առաջնորդի մասին իշխանության նախկին և ներկայիս հայտարարությունները հակասական համարեց՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունները պետք է համադրել, որպեսզի հասկանալի լինի վերջինիս անկեղծ և ազնիվ լինելու չափաբաժինը: Մարուքյանն ասաց, որ իշխանությունը ԲՀԿ քաղաքական լեգիտիմությունը ճանաչել է, երբ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել ընտրություններից հետո։
Նա հիշեցրեց 2018-ի օգոստոսի 11-ին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքների միջոցով ընտրություններում հաղթելու պրակտիկան, և ընտրակաշառք բաժանած ուժերը քաղաքականության մաս չպիտի դառնան: Այնուհետև մեջբերեց 2018-ի հոկտեմբերի 18-ին «Մուլտիգրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ընկերության բացման արարողությանը Փաշինյանի ասած խոսքերը, որ Հայաստանում օլիգարխներ չկան։
Նա հիշեցրեց, որ երբ խորհրդարանը ձևավորվում էր, «Բարգավաճ Հայաստանը» զբաղեցնում է երկրորդ տեղը, Փաշինյանն էլ հայտարարել է, որ ամենամեծ ընդիմադիր խմբակցությունն է, և, հետևաբար, այս խմբակցությունից պիտի ընտրենք ԱԺ փոխխոսնակ:
«Դրանով դուք ճանաչում եք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առողջ ուժ լինելու հանգամանքը: Եկեք ազնիվ խոսենք. այդ ո՞նց եղավ, որ երբ Բարգավաճը ձեզ պետք եղավ, լավ ուժ էր, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր: Արդյոք օրենքի ընտրողական կիրառման հանգամանք չկա՞: Ժամանակին ճանաչել եք այս մարդկանց լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում: Ո՞նց եղավ, որ ձեր նախարարը հրապարակում է նախաքննական նյութերը: Ե՞րբ է նման բան եղել, ես չեմ հիշում: Ես հիմա իշխանությանն ասում եմ՝ դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք չեք եկել փետրվարին՝ կալանավորելու:ԼՀԿ-ն գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա հետընթաց ապրող երկիր, և ասում ենք՝ սա ֆարս է», — հայտարարեց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






