ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը խորհրդարանում կասկածի տակ չդնելով բոլորի սերն ու հարգանքը առ Գագիկ Ծառուկյան նշեց, որ ավաղ բոլորին այդ մասին ուղղակի չի կարելի խոսել։
Նա նշեց, որ խոսում է մի մարդ, ում հայրը պատանդ է շինծու քաղաքական գործերի։
«Այդ գործերը ստեղծվել են որոշ մարդկանց ականջին հաճելի լինելու համար, ու արի տես այսօր այդ ստեղծողները ավելի են կատարելագործել իրենց մեթոդները և երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից են փորձում մեղադրանքներ հնչեցնել մի մարդու հասցեին, ով ոչ մի առնչություն չունի այդ գործերի հետ»,- նշեց Առուստամյանը։
Պատգամավորը նշեց, որ բազմաթիվ հարցերին, թե ինչպես է մեկնաբանում իր հորն առաջադրված մեղադրանքները պատասխանը միշտ նույնն է եղել՝ թողնել այն իրավական հարթությունում և չբերել քաղաքական դաշտ, բայց այսօր այս քայլերով իր հոր հետ կապված բոլոր գործերը բերվել են քաղաքական ասպարեզ։ Նա նշեց, որ իրեն կրկնակի բարդ է, քանի որ խոսվում է մարդկանց մասին, որոնց կյանքն անցել է աշխատատեղեր ստեղծելով և մեկ ավել ընտանիքի ձեռք մեկնելով։
«Այո՛, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, այն հավտարմագրային կառավարմանն է հանձնվել հորս։ Հորս և պարոն Ծառուկյանի երկարատև համագործակցության ընթացքում լսել եմ պարոն Ծառուկյանը ասել է՝ ոչինչ, թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում։ Հպարտության զգացում առաջացնող երևույթ է, որ մանկությանս տարիների հերոսը դարձել է իմ քաղաքական թիմի ղեկավարը։ Ամեն բան անելուցս առաջ ականջումս լսվում է մանկությանս հերոսի, քաղաքական ղեկավարիս խոսքերը՝ ինչ անում ես, պետք է դիմացինի մասին մտածես»,- նշեց նա։
Դիմելով Աժ պատգամավորներն, Առուստամյանը կոչ արեց գոնե մեկ անգամ իրենց հարց տան՝ արդյոք կյանքում գոնե մեկ անգամ տեսել են Ծառուկյանի տեսած շնորհակալական ժպիտների կեսը, նոր հետքայլ կատարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






