ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդագրերը։
ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց թե արդյոք խոսքը միայն տվյալ կուսակցության և միայն 2017 թվականի ընտրությունների ժամանակ բաժանված ընտրակաշառքի մասին է, այլ ընտրաշրջաններում նման դեպքեր չեն գրանցվել։
Արձագանքելով հարցին, Գլխավոր դատախազը նշեց, որ իրենք չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր, քրեական գործերը կամ քրեական վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ, և երբ այդ գործընթացում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում ընտրակաշառքի մասին տեղեկություններ ոչ մի դեպքում դա անալիզ չի արվում որ քաղաքական ուժին կամ որ ժամանակահատվածին է վերաբերվում։
«Տեսած կլինեք բացարձակ ընտրակաշառքին չառնչվող քրեական գործի քննության ընթացքում, պաշտոնական հանցագործության գործող Քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով նրա հանցակցի ընկերության շենքում կատարվել է խուզարկություն, որտեղ էլ նշյալ փաստաթղթերը բացահայտվել են»,- նշեց Դավթյանը։
Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ այդ կամ այլ գործով այդ կամ այլ շինությունում հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների ժամանակ փաստաթղթեր, նա կունենա բացարձակապես նույն ճակատագիրը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչպես է նախաքննության նյութերը դարձել հրապարակային, Դավթյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում ինչ ծավալով նյութեր հրապարակի՝ գնահատելով ռիսկերը։
«Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի իրավունքն ու լիազորությունն է, նաև պարտավորությունն է, հանրությանը տեղեկատվության տրամադրելու համատեքստում։ Ինչ վերաբերում է տվյալների արտահոսքին, դա անթույլատրելի է։ Տվյալների արտահոսքը հանցագործություն է և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն»։
Դավթյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր տեղեկացնել, մնացյալ այլ ճանապարհով ինֆորմացիայի փոխանցումը՝ հանցագործություն է։ Նա նշեց, որ դատախազը ապացույցները գնահատողն է, իսկ ապացույցները ձեռք է բերել մինչդատավարական վարույթն իրականացնող մարմինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






