ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ առավոտյան իրեն զանգահարել են Կենտրոնի Քննչական բաժնից և ասել, որ ունեն որոշում իր աշխատասենյակում անցկացնելու խուզարկություն: Նա նշեց, որ երբ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է լուրը, քննիչը կապվել է իր հետ և ասել, որ սխալ է հասկացել՝ խուզարկությունն անցկացվում է կուսակցության իր գրասենյակում։ Զոհրաբյանը հայտնեց, որ խուզարկությանը չի մասնակցելու, ողջ ընթացքում այնտեղ կլինեն իր փաստաբանները։
«Կամ մենք ձեզ հետ կասեցնում ենք այս ոստիկանական, աածական տեռորը կամ մեր երկիրն այլևս ապագա չունի: Ինձ լռեցնել հնարավոր չէ որևէ ձևով: Ծիծաղելի է մտածել՝ իմ մասին քրեական որևէ գործ հարուցելու մասին»,- նշեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ պայքարելու է մինչև վերջ, որևէ բանից չի վախենում, որևէ բանի առաջ չի ընկրկելու, ամեն հնարավոր զարգացումների և սցենարների պատրաստ է։
Պատգամավորը կոչ արեց միջագային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, դեսպանատներին՝ արձագանքելու երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
«Սա տեռոր է, մի լռեք, արձագանքեք, տեսեք ինչ է կատարվում երկրում, որովհետև լռությունը ամենասարսափելի բանն է, անտարբերությունն ամենասարսափելի բանն է, որ կարող է կործանել: Եղեք խիզախ, եղեք քաղաքացի և պաշտպանեք ձեր իրավունքները»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






