Կան իրավական գործընթացներ և մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն, և դա փաստում է իշխանությունն իր գործողություններով: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Օրինակ, երբ ընդդիմադիրները սրում են իրենց հռետորաբանությունը և այդ իրավական գործընթացներն սկսվում են: Այսինքն ժամանակագրորեն դա շատ ակնառու է: Մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, մենք տեսնում ենք, որ պաշտոնյաների բարձր մակարդակով որոշում են՝ մեղավոր է, թե անմեղ է այդ անձը: Այսինքն դատավճիռ են իրականացնում սոցիալական ցանցերում այդ անձի նկատմամբ»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։
Սամսոնյանն ընդգծեց՝ իրենք չենք ասում, որ որևէ մեկը չպետք է ենթարկվի պատասխանատվության:
«Այո, բոլոր նրանք, որոնք հանցագործություններ են կատարել, պետք է կրեն պատասխանատվություն, բայց մենք տեսնում ենք, որ կա նպատակահարմարության միտում: Այսինքն, երբ անհրաժեշտություն է առաջանում, իշխանությունն սկսում է այդ գործողությունները: Եվ դա չգիտես ինչու համընկնում է նրա հետ, երբ տվյալ քաղաքական ուժը սկսում է քննադատել իշխանությանը»,- ասաց պատգամավորը։
Խոսելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշման մասին՝ Անի Սամսոնյանը նշեց, որ Գլխավոր դատախազը այդ հարցով չի եկել ԱԺ և իրենք որևէ քննարկում չենք ունեցել այդ հարցի շուրջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






