«Ձեզ թվում է՝ պարոն Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք Ծառուկյանի հայտարարությունից հետո՞: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, և պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց»։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Թե ով, որտեղ, որ այգում, ում հետ կհանդիպի, ինչ հին, քաղաքական մեռել կբերի նոր քաղաքական դաշտ, կփորձի վերակենդանացնել, ինչ կփորձի անել՝ դա չորրորդական բան է: Մեզ համար կարևորը քաղաքացիների հետ մեր համագործակցությունն է»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Ծառուկյանի ընկերությանն առնչվող քրեական գործը 30-40 միլիարդ դրամի շրջանակներում է, և դրա ընթացքում ի հայտ է եկել փաստաթղթերի հավաքածու, որտեղ ցուցակագրված է և հաշված է 2017-ին ընտրությունների ժամանակ գումար բաժանելու պրոցեսը: Ըստ նրա՝ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները չէին կարող չգործել:
«Իրավապահներն ի՞նչ պետք է անեին, պետք է ասեին՝ դե լավ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ինչ անենք, սա ճղենք, քցե՞նք»,- հարցրեց Սիմոնյանը՝ հավելելով, որ գործընթացն ունի ժամկետներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






