Մի քանի օր առաջ Իրանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման կապակցությամբ։ Այս, ինչպես նաև Հայաստանի համար դիվանագիտական ներկայացուցչության բացման աշխարհաքաղաքական նշանակության և հեռանկարների մասին Armenia Today-ը զրուցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ:
— Ինչպես հայտնի է, օրերս Իրանի մայրաքաղաքում Հայաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել Իսրայելում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ։ Ցուցարարները պահանջել են, որ պաշտոնական Երևանը թշնամական դիրքորոշում որդեգրի Թել Ավիվի նկատմամբ։ Ինչ եք կարծում, այդ ֆոնին Իրանի հետ բարեկամական հարաբերությունները չեն տուժի, և արդյոք կհաջողվի միաժամանակ կառուցողական հարաբերություններ ստեղծել Իսրայելի հետ: Կարող է դա բացասաբար անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա։
Նախ կցանկանայի ճշտել, որ Հայաստանն արդեն վաղուց դեսպանատուն ունի Իսրայելում։ Խոսքը միայն Թել Ավիվում ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին է։ Ինչպես գիտեք, մինչ այդ Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը գտնվում էր Երևանում ։
Կարելի է, և միաժամանակ պետք է վստահաբար պնդել, որ Թել Ավիվում ՀՀ ռեզիդենտ դեսպանի նշանակումը ոչ միայն չի փչացնի Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները, այլև նույնիսկ ավելի ծանրակշիռ քաղաքական բնույթ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Այո, միաժամանակ կարելի է և պետք է զարգացնել բարեկամական հարաբերություններն Իրանի հետ և երկխոսություն կառուցել Իսրայելի հետ։ Իսրայելը, ինչպես և Իրանը, Մերձավոր Արևելքում գլխավոր խաղացողներից մեկն է։ Բացի այդ, վերջին տարիներին Իսրայելն ավելի ակտիվորեն ներգրավվել է Հարավկովկասյան ռազմաքաղաքական գործընթացներում։ Հայաստանը չի կարող հաշվի չառնել տարածաշրջանային այդ փոփոխությունները և այդ պատճառով էլ կառուցում է իր արտաքին քաղաքականությունը՝ հիմնվելով իր ազգային և պետական շահերի վրա՝ այդ նույն տարածաշրջանային փոփոխությունների տրամաբանությունից և համատեքստից ելնելով։ Ավելին, Հայաստանը հավասարակշռում է Իրանի և Իսրայելի դերն ու ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Հայկական կողմը այլ երկրների հետ հարաբերություններ չի կառուցում երրորդ կողմի հետ համագործակցության հաշվին։
Մենք ըմբռնումով ենք մոտենում Թեհրանի մտահոգությանը Հարավային Կովկասում Թել Ավիվի ակտիվության վերաբերյալ։ Իրանը և Իսրայելը գտնվում են պրոքսի-պատերազմի վիճակում և կռվում են միմյանց հետ Մերձավոր Արևելքի տարբեր կետերում և այլ տարածաշրջաններում։ Բայց պետք է հստակեցնել, որ Հայաստանն ուղղակի շահեր չունի այս հակամարտությունում, և մենք չենք պատրաստվում ներգրավվել դրանում։ Ավելին, հայկական կողմը կարող է հարթակ դառնալ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր երկխոսության համար։ Հասկանալի է, որ այդ երկրներն այժմ պատերազմական վիճակում են, բայց դա չի նշանակում, որ այդպես միշտ կլինի կամ միշտ էլ եղել է։ Ինչպես նշում են շատ փորձագետներ, Իսրայել-Իրան դաշինքը 20-րդ դարում Մերձավոր Արևելքում ամենահզոր և ամենահուսալի դաշինքն էր: Իսրայելը կարևոր դեր է խաղացել Իրանի հետախուզական ծառայությունների ստեղծման գործում։ Իսրայելը կանգնած է Իրանի միջուկային ծրագրի ակունքներում։
Վստահ եմ, որ Իրանն էլ ըմբռնումով է մոտենում մեր կառուցողական դիրքորոշմանը։ Պետք է ավելացնել, որ հայ-իսրայելական երկխոսության գլխավոր տարրերից մեկը Իսրայելի հայ համայնքի անվտանգության ապահովումն է և, իհարկե, Երուսաղեմի հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության պահպանումը։
— Իրանը Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը գնահատում է որպես սեփական ազգային անվտանգության սպառնալիք։ Արդյոք դա այդպես է։
Չեմ կարծում, որ Իրանի իշխանությունները Թել Ավիվում Հայաստանի ռեզիդենտ դեսպանի նշանակումը սպառնալիք են համարում իրենց ազգային անվտանգության համար։ Մեղմ ասած՝ դա չափազանցված է։ Այո, նրանք մտահոգված են Իսրայելի յուրաքանչյուր նախաձեռնությամբ, որը թույլ է տալիս մեծացնել Թել Ավիվի ազդեցությունը մեր տարածաշրջանում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում։ Սակայն դա Իրանի դիրքորոշումն է՝ հիմնված այդ երկրի ազգային շահերի և տարածաշրջանային քաղաքականության վրա։
Մենք, որպես ինքնիշխան պետություն, կառուցում ենք մեր տարածաշրջանային քաղաքականությունը, ելնելով սեփական ազգային շահերից, ինչպես նաև մարտահրավերներից, փոփոխություններից, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Ես կարծում եմ, որ այս համատեքստում Իրանի համար ուղղակի և անուղղակի սպառնալիք է ներկայացնում հենց Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը և, մասնավորապես, նրանց ռազմաքաղաքական համագործակցությունը նաև անվտանգության ոլորտում։ Ի դեպ, Իսրայելը Բաքվում ռեզիդենտ դեսպանատուն ունի, բայց ընդհանուր առմամբ դա չի ազդել Ադրբեջանի և Իրանի համագործակցության վրա։
Փորձագետները բազմիցս նշել են, որ Իսրայելի արտաքին հետախուզությունն ակտիվորեն աշխատում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից։ Վստահ եմ, որ Իրանի իշխանությունները շատ լավ տեղյակ են այդ մասին։ Կարծում եմ, որ պաշտոնական Թեհրանը պետք է առավել նպատակային և գործնական քայլեր ձեռնարկի Բաքու-Թել Ավիվ համագործակցությունից բխող այդ մարտահրավերների և ռիսկերի վերացման ուղղությամբ, որն, ի դեպ, բացասաբար է ազդում ոչ միայն բուն Իրանի անվտանգության, այլև ողջ տարածաշրջանի կայունության վրա:
— Ինչպիսին է դեսպանության բացման աշխարհաքաղաքական նշանակությունը:
Թել Ավիվում Հայաստանի ռեզիդենտ դեսպանի նշանակումը նոր և գործնական խթան կհանդիսանա Հայաստանի և Իսրայելի միջև երկխոսության զարգացման համար: Սա հնարավորություն է զարգացնելու երկկողմ հարաբերությունների նկատմամբ պրագմատիկ և համալիր մոտեցում, ինչպես նաև Հայաստանի և Իսրայելի համագործակցության բնույթն ու փիլիսոփայությունը խորը հասկանալու և ընկալելու համար։ Ավելին, դա Հայաստանին հնարավորություն կտա ավելի ներգրավված լինել տարածաշրջանային գործընթացներում՝ նրա տարածաշրջանային և միջազգային դերակատարությունն ու կշիռը բարձրացնելու նպատակով։
-Հայաստանյան փորձագիտական շրջանակներում դրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Ի՞նչ ռիսկեր կան այս պահին, և ի՞նչպես կարելի է դրանք շրջանցել կամ նվազագույնի հասցնել հնարավոր բացասական հետևանքները:
Իհարկե, մի կողմից դա լավ է, որ հարցը քննարկվում է հայկական փորձագիտական հանրության կողմից, առաջարկվում են տարբեր փորձագիտական գնահատականներ, կանխատեսումներ: Բայց, մյուս կողմից, չի կարելի կտրվել այդ փորձագիտական գնահատականներում իրականությունից և օբյեկտիվությունից։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը արդեն վաղուց աշխատում է իրանական կողմի հետ, բացատրելով Հայաստանի և Իսրայելի միջև երկխոսության իր դիրքորոշումը և ընկալումը։ Իմ կարծիքով՝ Թեհրանը ըմբռնումով է մոտենում այդ հարցին։ Կրկնեմ, Թեհրանն ամեն անգամ անհանգստանալու է ամեն մի նախաձեռնության համար, որը թույլ կտա Իսրայելին ակտիվացնել իր մասնակցությունը մեր և այլ տարածաշրջաններում։
Վստահ եմ, որ հայկական կողմն ակտիվ աշխատում է Իրանի հետ նաև հիմա։ Չեմ կարծում, որ պետք է բացասական հետևանքներ ակնկալել Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների համար։ Ընդհակառակը, երկխոսությունը ՀՀ-ի և Իսրայելի հետ և միաժամանակյա փոխհարաբերությունների զարգացումը Իրանի հետ՝ որպես հավասարակշռող գործոն, կբարձրացնի հայաստանի տարածաշրջանային դերն ու կշիռը ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի համար։ Որքան էլ տարօրինակ է, բայց Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացումը և Իսրայելում ՀՀ ռեզիդենտ դեսպանի նշանակումը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական համագործակցությանը։
Գոհար Իսախանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







