Գագիկ Ծառուկյանի առաջարկով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ Կառավարության ամբողջ կազմը փոխելու անհրաժեշտության մասին վերջին հայտարարություններին՝ նշելով, որ նման հայտարարությունները բավարար չեն, պետք է լինեն հիմնավորումներ:
Հարցին՝ արդյոք ինքը կողմ է այդ գաղափարին և պատրաստվում է աջակցել Ծառուկյանին, փոխվարչապետը պատասխանեց.
«Ասել և հայտարարել, որ կառավարությունը ձախողել է, բավարար չէ, որ ընդհանրապես նման հարց քննարկվի: Պետք է լինեն հիմնավորումներ, պարզաբանումներ և կոնկրետացումներ: Եթե լինի նման փաստարկների շարք, կքննարկենք, կլինի դիսկուրսի առարկա, որովհետև հայտարարությունը միայն հայտարարություն է, որին պատասխանը կարող է լիել միայն՝ ոչ», ասաց փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հրավիրված ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում Գագիկ Ծառուկյանն ասել էր․ «Հիմնական խնդիրն այն է, որ կառավարության կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, և որ պետք է 97 տոկոսին փոխել։ Այսօր, տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






