Տարբեր քաղաքական կուսակցությունների, այդ թվում «Բարգավաճ Հայաստան»-ի հետ «Դաշնակցությունը» անցկացրել է եւ անցկացնում է հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունիսի 10-ին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Բանակցությունների կոնկրետ արդյունքների մասին կուսակցությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- հավելել է նա։
Նրա խոսքերով՝ ՀՅ «Դաշնակցությունը» կարեւոր է համարում նախաձեռնող խմբի ստեղծումը՝ ընդդիմադիր ուժերի մոտեցումների բացահայտման եւ քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով, որը կլինի ոչ իրավիճակային եւ այս կամ այն անձի ու գործչի շուրջ ձեւավորված, այլ կելնի ժողովրդի շահերից։
Իր ֆեյսբուքյան էջում Սաղաթելյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Հիշեցնենք, որ վարչապետի խոսքով՝ Դաշնակցության համար որևէ բան չի փոխվելու, որովհետև կուսակցության ներկայացուցիչները նույն հռետորիկայով ու Կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին դեռ 2018 թվականի ամռանից։
Նա նշել է, որ ներկայումս Կառավարությանը կոշտ քննադատողները հայտնվելու են քաղաքական աղբանոցում. «Նրանք արդեն այդ աղբանոցում են, պարզապես տեղի է ունենում աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը»,-նշել էր վարչապետը։
Սաղաթելյանն՝ ի պատասխան արձագանքել է, որ Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել. «Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ: Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






