«Երթևեկության բարելավման ծրագրի մասով նշված է ուղևորների արժանապատիվ տրանսպորտի մատուցում, որի կատարողականը զրո է, այնինչ գումարների կեսը համարյա ծախսել եք»,-այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին:
Հայկ Սարգսյանը նշեց, որ տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը, ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է, դեռևս 2018 թվականի դեկտեմբերից ակտիվ քննարկման փուլում է քաղաքապետարանում:
«Մինչ մենք ծրագրի հնարավոր, առկա և մեր կողմից կասկածվող բացթողումները կուսումնասիրեինք և որոշակի փոփոխություններ կիրականացնեինք, զուգահեռ իրականացվում էր նաև նշված 100 մլն բյուջետային միջոցների կամ լրացուցիչ, ներդրումային ֆոնդերի ներգրավման հարցը։ Բնականաբար 60-70 մլն սեփականմուտքեր ունեցող քաղաքի բյուջեով հնարավոր չէր իրականացնել 100 և ավել մլն եվրոյանոց ծրագիր, ուստի այստեղ աշխատանքն իրականացվում է քաղաքապետարանի և կառավարության համատեղ ջանքերով»։,-ասաց փոխքաղաքապետը:
Սարգսյանը նշեց, որ այս պահին կա 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ, որի արդյունքներով՝ կմատակարարվի առաջին խմբաքանակը: և դա կլինի տրանսպորտային ցանցի ավտոբուսային շարժակազմի համալրման առաջին փուլը:
Մանե Թանդիլյանը, հարցրեց որևէ աշխատանք արվե՞լ է, բացի մրցույթից։ Հայկ Սարգսյանն ասաց, որ այս պահին ծրագիրը ներդրումային կոմպոնենտ չի պարունակում, որպեսզի որևէ ներդրողի համար լինի հետաքրքիր.
«Ողջ աշխարհում է տրանսպորտային ցանցը վնասաբեր, ուստի ներդրող գտնելու մասին խոսք լինել չի կարող: Մինչև ավտոբուսների ամբողջական խմբաքանակը չլինի Երեւանում, տրանսպորտի զարգացման ծրագիրը հնարավոր չի սկսել, քանի որ տոմսային համակարգ պետք է աշխատի, անձնակազմը պետք է վերապատրաստվի: Ութ ամսից մեկ տարի է տևում, մինչև այդ մեծ ծավալի ավտոբուսներն արտադրվում ու ներկրվում են»,-նշեց փոխքաղաքապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






