Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել և ՀՀ-ում տրված իրավական հնարավորություններից օգտվելով՝ մենք այն կյանքի կկոչենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկման հարցին։
«Ուղիներից մեկը ԱԺ-ում հարցի քննարկումն ու լուծում տալն է, մյուսը՝ սահմանադրական հանրաքվեն, բայց այս փուլում, կորոնավիրուսով պայմանավորված, երկար ժամանակ, այն հնարավոր չէ իրականացնել, իհարկե, մենք լուծումը կգտնենք»,-նշեց նախարարը:
Հարցին՝ կա՞ն հստակ ժամկետներ, որպեսզի Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չլինի, Սուրեն Պապիկյանը բացասական պատասխան հնչեցրեց:
«Մեր գործողություններն ինքնանպատակ չեն և բխում են ՀՀ քաղաքացու շահերից: Մենք մեր գործողություններում թափանցիկ ենք, և քաղաքական նպատակադրումը ավելին համարել, քան մեր քաղաքացու շահն է, չենք կարող, այդ պատճառով էլ սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց այս փուլում», — նշեց նա:
Դիտարկմանը, թե տարբեր մարզերից բողոքներ կան, որ ճանապարհներն անբարեկարգ են, Պապիկյանն արձագանքեց, թե ՀՀ տարբեր անկյուններից կարող են լինել բողոքներ, որ ճանապարհները ոչ բարեկարգ են, քանի որ իրենք ժառանգել են բավականին վատ ճանապարհային ցանց. «Նախորդ ու ընթացիկ տարվա ընթացքում մեծ քանակությամբ շինաշխատանքներ իրականացվել և իրականացվելու են։ Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, հավանաբար խոսքը «Հյուսիս-Հարավի» մասին է: Այդտեղ մենք ունենք չինական կապառալու ընկերություն, այս փուլում նրանք դեռեւս Չինաստանում են, սպասում ենք նրանց գալուն:
Մի հատվածն էլ, գիտեք, իսպանական ընկերության հետ միջազգային արբիտրաժում խնդիրներ ենք լուծում, այսինքն դատական պրոցեսի մեջ ենք: Այնուամենայնիվ ակնկալենք, որ առաջիկայում ամեն ինչ տեղը կընկնի: Դա մեր ընթացիկ պետական միջոցներով ֆինանսավորվող ծրագրերից դուրս է, բայց միաժամանակ մեր իրավասության տիրույթում է: Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ անենք, որ ավելի արագանա իրավական պրոցեսը»,-ասաց նախարարը:
Պապիկյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսով պայմանավորված՝ նախարարությունում տիրող իրավիճակին՝ նշելով, թե նախարարությունում այս պահին չկան վարակակիրներ, բայց եղել են: «Հիվանդացել էին իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են ու աշխատանքի մեջ են»,-ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






