Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 26 մլրդ 923 մլն 600 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 5.9 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է:

Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել:

Կհիշեք՝ ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երևույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս:

2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի և հեռանա համակարգից:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Ու դա է պատճառը, որ իշխանությունները չեն ընդունում Վարդազարյանին, ու հստակ է, որ նա ևս պետք է առաջիկայում հրաժեշտ տա:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018 թվականից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է:

Վերջին իրադարձությունների կոնտեքստում և դատելով հրապարակված փաստաթղթի բովանդակությունից, նպատակը մեկն է՝ վարչապետ Փաշինյանին հավաստիացնել, որ պաշտպանության նախարարությունը չի խառնվում ներքաղաքական գործընթացներին, և ինքը երաշխավորում է բանակի չեզոքությունը:

Այլ կերպ ասած, դա տեսլական է քաղաքական դասավորությունների տեսլականի մասին, որտեղ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է իրեն և հավատացնում է, որ ինքը հուսախաբ չի անի:

Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը դրանում համոզվի: Դատելով նաև լուրերից, որ հաջորդ պաշտոնանկությունը կատարվելու է ՊՆ-ում, և նախարարն է լինելու հրաժեշտ տվողը, առավել ինտրիգային է դառնում այս 15 էջանոց փաստաթղթի հրապարակումը:

4․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարությունը հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանում են նաև մարզային հիվանդանոցները, և վերապրոֆիլացումից հետո այնտեղ կկարողանան ընդունել կորոնավիրուսով վարակվածներին: Ընդ որում, նշվում էին կարճ ժամկետներ՝ ասելով, թե երկու-երեք օրում այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի և Վեդու բժշկական կենտրոններում համապատասխան աշխատանքները շարունակվում են: Մամուլի խոսնակը նաև դժվարացավ ժամկետներ նշել, թե, ի վերջո, երբ այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել տվյալ բուժհաստատությունների տնօրենների հետ, սակայն նրանք մշտապես զբաղված էին այդ աշխատանքներով, իսկ ներկայացուցիչներն էլ մեզ հետ զրույցում նշում էին, թե քննարկումներն ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

5․ «Իրավունք» թերթը ժամանակին անդրադարձել էր, որ «Արմավիայի» սեփականատեր, գործարար Միկա Բաղդասարովը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մտերիմ կապեր հաստատի հայաստանյան նոր իշխանությունների, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այդ հարաբերությունների հաստատման հիմքում փոխշահավետ առաջարկ կար` Փաշինյանին կարող էր հետաքրքիր լինել նախկին իշխանություններից մերժված գործարարի փողերը, իսկ վերջինիս` Հայաստանում իր բիզնեսն ընդլայնելու արտոնությունները:

Կայացա՞վ այդ գործարքը, թե` ոչ, դժվար է ասել, սակայն թերթին հասած տեղեկությունների համաձայն` Բաղդասարովը նեղ շրջանակում ասել է, որ շուտով դիզվառելիք է ներկրելու Հայաստան բավական մատչելի գնով: Ըստ նույն լուրերի` Իրանից:

Այս տեղեկությունը հատկանշական է նաև այն առումով, որ տևական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր բենզալցակայանները: Սակայն պարզվում է` իրավիճակ է փոխվել` Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների վատթարացմամբ, թե Բաղդասարով-Փաշինյան նոր ձևավորված կապերով պայմանավորված, ժամանակը ցույց կտա:

6․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կարող է հետևանքներ ունենալ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար:

Այսինքն, իրենք պետք է դիմեին ԲԴԽ, ապա նոր դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեին, ինչը, սակայն, չի արվել: Այս ամենից հետո դատական համակարգում քննարկում են, որ այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է:

Եվ եթե պարզվի, որ Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը սկսել են ավելի շուտ, քան դիմել են ԲԴԽ, ապա այս ամենի պատասխանատվությունը կրելու է հենց Դավթյանը:

7․ «Իրավունք» թերթը գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հանդիպել է Փաշինյանի հետ` քննարկելով իր սկանդալային հրաժարականի թեման: Ու կարծես ընդհանուր լեզու են գտել:

Գոգյանը թերթի հետ զրույցում իր հրաժարականիհայտնեց. «Երևի չհեռանամ, փոշմանել եմ, համենայնդեպս, հիմա աշխատանքի եմ ԲՈԿ-ում»: Նա նշել է, որ  խնդիր է բարձրացրել, և այդ խնդիրը քննարկվում է:

8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ռեստորանների տերերի մոտ դժգոհություն է հասունանում ընդդեմ իշխանությունների: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և նրա կնոջ հետ պատահած միջադեպը (կինը «Բելաջիոյի»` խանութի, Սերգեյի դուստրն է) լցրել է ռեստորանատերերի համբերության բաժակը, որոնք առանց այն էլ արտակարգ ռեժիմի հետ կապված՝ լավ օրեր չեն ապրում:

Նշվում է, որ «Կոնգ» սրճարան են մտել ոստիկանները և  հայտարարել, որ իրավունք չունեն աշխատելու՝ պետք է փակվեն։ Ապա ծեծի են ենթարկել այնտեղ ժամանակ անցկացնող անձանց։

Ռեստորանատերերը ցանկացել են բողոքի ակցիաներ իրականացնել, սակայն գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, հորդորել են` «այս խառը մոմենտին կրակի վրա յուղ չլցնել»:

Ի դեպ, միջադեպի ընթացքում «քաշքշված» Ռոման Մուրադյանը ոչ միայն Ալեքսանյանի եղբորորդու` Արտակ Ալեքսանյանի ընկերն է, այլև ներկայիս ոստիկանապետի բարեկամներից և ՊՆ-ի մատակարարներից: Ոմանք կարծում են, որ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի հետ կապված է պաշտոնանկ արվել, սակայն դա քիչ հավանական է։

9․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի նոր իշխանությունները որոշել են կադրային ջարդ իրականացնել և պետական համակարգը «մաքրել» նախկիններից։

Խորհրդարանում արդեն սկսվել է զտումը՝ նույնիսկ փորձագետներին են զգուշացրել, որ պիտի տեղները զիջեն նոր թիմի, որը հետաքրքիր «կազմ» կունենա՝ կազմված նորընտիրների ընկեր-բարեկամներից, օրինակ, ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանն անգամ հարսին է ԱԺ-ում աշխատանքի տեղավորում, փոխնախագահը՝ դստերը։

Առհասարակ, Արցախում տարվող կադրային քաղաքականությունը շատերի զարմանքն է հարուցել՝ ի՞նչ սկզբունքով, ինչո՞ւ են այս մեկին նշանակում, մյուսին՝ ոչ, ո՞վ է կայացնում այդ որոշումները։ Թերթի աղբյուրները պատմում են, որ Սամվել Բաբայանին ԱԱԽ քարտուղար նշանակելու բառացիորեն նախորդ օրը Արցախի նախագահը հավատացրել է, որ դա անհնարին է, մեկ օր անց հրապարակվել է պաշտոնական հրամանը։

Ի դեպ, Բաբայանի նշանակվելուց հետո Հարությունյանի որոշ երբեմնի մտերիմներ, որոնք Բաբայանի հետ հին հաշիվներ ունեին, նախագահին բոյկոտ են հայտարարել։ Օրինակ, խիստ վրդովված է Արկադի Ղուկասյանը, ում նկատմամբ Բաբայանը տարիներ առաջ մահափորձ էր իրականացրել:

10․ «Փաստ» թերթը գրում է, որ դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Ուշագրավ է, որ բոլոր հայցերը գրեթե համանման պահանջ ունեն՝ «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել», «վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել», «պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում» և այլն: Ի դեպ, ևս 15 գործ էլ վարչապետի դեմ առկա է վարչական դատարանում, որոնք հիմնականում վերաբերում են այս կամ այն որոշումն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, վնասի փոխհատուցման, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջներին:

Այս թվի մեջ ներառված չեն այն հայցերը, որոնց պատասխանող նշված են միայն ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետի աշխատակազմը:

11․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչև վերջ գնալ։ Նա երեկ «կանյաչնիում» կուսակիցների հետ հանդիպմանը նրանց «դուխ» է տվել, որ ոչ մի բանից չվախենան- չնահանջեն։

Հավաքն ավելի շատ կազմակերպչական բնույթ է կրել, պատգամավորները Ծառուկյանին զեկուցել են բոլոր այն ուժերի և անհատների մասին, որոնք ԲՀԿ առաջնորդի համախմբման կոչին արձագանքելով՝ կհամախմբվեն իրենց շուրջ։ Շա՞տ է նրանց թիվը․ «բավականին»՝ ասել է թերթի աղբյուրը։

Առաջիկայում կքննարկեն, թե ինչ ֆորմատով են սկսում հանդիպումներն ու քննարկումները, հետո կորոշեն միասնական օրակարգը։ ԲՀԿ-ի պահանջն իշխանափոխությունն է, քննարկվում են ԱԺ-ում վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնելու ուղիները։ Ծառուկյանի առաջին ելույթից հետո իշխանությունը համատարած հակահարձակման անցավ, հիշեցին նրա անցյալը, մականունը։

Ծառուկյանը, անդրադառնալով այդ պահվածքին, ասել է, որ դա իրենց օգնում է, պատռվում է իշխանությունների դիմակը։ Նկատել է, որ այդ մեթոդի սխալ լինելն իշխանությունն էլ է հասկացել․ առաջին օրերին շանտաժ ու սպառնալիք էին հնչեցնում, հիմա գզրոցի նյութերն են հանում։ Ասել է նաև, որ չի վախենում հարկային տեռորից ու ձերբակալությունից։ Բայց, թերթի տեղեկություններով, Փաշինյանը հրահանգել է ոչ թե Ծառուկյանի, այլ նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել:

12․ «Փաստ» թերթը գրում է, որ լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երևանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Թերթի աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային եւ էքստրեմալ իրավիճակն են եղել:

Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձևավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան առկա խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։

Տվյալ հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, համաձայն որի՝ Մանուկյանը, Բագրատյանը և Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մասնավորաբար,  նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները։

Այսպիսով, ՌԴ հետ նախատեսված քայլերի ու խնդիրների հստակեցման ուղղությամբ պատրաստվում է զբաղվել Կարեն Կարապետյանը, ԵՄ հետ ճգնաժամային թեմաների հետ տարվող աշխատանքների պարտականությունները դրվել են Հրանտ Բագրատյանի վրա, իսկ Չինաստանի հետ փորձի փոխանակման ու ճգնաժամային քաղաքականության պատասխանատուն կլինի Վազգեն Մանուկյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+