Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստան ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշիում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Միրզիյոևի հետ առանձնազրույցում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակը։ Երկուսն էլ կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության զարգացումը։
Բերդիմուհամեդովի հետ առանձնազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել և խորացնել քաղաքական ու առևտրատնտեսական կապերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետ կապված այլ հարցեր։
Փաշինյանը հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Թուրքմենստան: Նա Թուրքմենբաշիում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







