«Ակնհայտ լկտիություն է և մանիպուլյացիաների փորձ», այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ բռնաբարության համար դատապարտվելու քրեական գործի նյութերի հրապարակմանը:
Նա նշեց, որ դա եղել է շինծու գործ, և այդ գործի շրջանակներում դատարանի կողմից Ծառուկյանը արդարացվել է, բայց չգիտես ինչու՝ չեն ասում դրա մասին:
Նա նշեց, որ ժամանակին Խորհրդային միլիցիան գումարներ կորզելու համար մարդկանց նման իրավիճակի մեջ էր դնում, իսկ այսօր դրա միջոցով սենսացիա են ուզում ստեղծել:
Արման Աբովյանի կարծիքով՝ չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ:
«Դա ցույց է տալիս այն թեզը, որ այն եռանդով, որ լցվեցին իրենք ԲՀԿ-ի դեմ, պարոն Ծառուկյանի դեմ կռիվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելուն, խայտառակ գործազրկությունը կանգացնելուն: Ի վերջո, կորոնավիրուսից մարդիկ են մահանում, ինչ՞վ են զբաղված: Մարդ պետք է բարոյականություն ունենա, որ չանցնի և հինավուրց Գյուլնազ տատի հեքիաթները բերի»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ եթե իշխանությունն այս պարագայում ունակ չէ ադեկվատ ընկալել վտանգերն ու արձագանքել, ապա ինչո՞ւ է իշխանության գլխին։
Նա նշեց, որ հարցը բնակ անձնական չէ.
«Մենք ասում ենք տնտեսական ճգնաժամը չոքել է մարդկանց բկին, բանկերին պլեն են ընկել, մեզ ի՞նչ են հակադարձում, ոչ մի բովանդակային հակադարձում չկա, ուղղակի ապշած եմ լկտիության սահմաններից…լրիվ, անջատված…թուրերը առած ընկած են մեյդան, ամոթ ա, ի վերջո ամոթ ա»,-ասաց պատգամավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






