«Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա մեղադրանքը «ծիծաղելի» է որակել։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Դանիելյանի դեմ առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Նրա խոսքով՝ խուլիգանության համար արդեն իսկ առաջադրված մեղադրանքին ավելացվել էր ֆեյսբուքյան գրառումների հետ կապված մի քանի դրվագ։ Բացի այդ, նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (արատավորող տեղեկություններ հրապարակելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) սոցիալական ցանցերում Ազգային անվտանգության ծառայությանն արատավորող գրառումներ կատարելու համար։
Դանիելյանը ձերբակալվել էր խուլիգանության գործով՝ ֆեյսբուքյան գրառման համար։
Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման և ընտանիքի վրա հարձակման ֆոնին Դանիելյանը ֆեյսբուքում հրապարակել էր իշխանությունների գործողությունները քննադատող գրառումներ։ Դրանցից մեկում նա հեգնել էր, որ «ներթափանցում» բառը կարելի է փոխել ու գրել, թե ադրբեջանցիները «խաղաղության հանդեպ մեր ձգտումն ուսումնասիրելու նպատակով «անակնկալ ստուգայց» են կատարել Սիսիան»։ Մեկ այլ գրառմամբ նա պնդել էր, որ ԱԱԾ-ն սպասել է, մինչև «ներխուժած խմբի մնացած երկու անդամը բարեհաջող լքեն Հայաստանի տարածքը», և միայն դրանից հետո հայտարարել, որ նման բան տեղի չի ունեցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







