ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, հայտնել են ՀՀ կառավարությունից։
Նրանց քննարկումը տեղի է ունեցել հեռախոսազրույցով։ Նշվում է, որ Փաշինյանը նաև շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։
Փաշինյանի և Պուտինի վերջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպման առանցքային թեմաներից մեկը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի և ԵԱՏՄ-ին անդամակցության համատեղելիությունն էր։ Պուտինը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելը, փաստացի, նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ քայլ, քանի որ երկու Միությանը միաժամանակ անդամակցությունն անհամատեղելի է։ Փաշինյանն, իր հերթին, նշել էր, որ Հայաստանը հասկանում է՝ մի փուլում անհրաժեշտ կլինի հստակ ընտրություն կատարել, սակայն այդ պահը դեռ չի հասունացել։
Կողմերը քննարկել էին նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները, Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեությունը և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։ Փաշինյանը նշել էր, որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունից հետո երկկողմ հարաբերություններին անհրաժեշտ է «թարմ հայացքով» նայել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







