Թուրքմենստանում նոյեմբերի 7-9-ը կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում նախատեսված չէ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հանդիպում նախատեսված չէ։ Թեև բոլոր միջոցառումների ընթացքում շփումը բացառել չի կարելի»,- Ուշակովի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հայտնել է, որ Փաշինյանի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Ուշակովի խոսքով՝ այդ հարցով առայժմ դիվանագիտական շփումներ չեն կայացել։
Սեպտեմբերի 1-ին Փաշինյանը և Պուտինը Բիշքեկում անցկացրել էին ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց առաջին բանակցությունները։ Նրանք տարաձայնություններ էին հայտնել Հայաստանի եվրաինտեգրման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Երևանի անդամակցության վերաբերյալ։ Բանակցություններից հետո Փաշինյանը հանդիպումը որակել էր «շատ լավ» և ասել, որ կողմերը համաձայնել են շարունակել անկեղծ և կառուցողական երկխոսությունը Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում։
Սեպտեմբերի 7-ին Կրեմլի մամուլի խոոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Փաշինյանի այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով՝ հաշվի առնելով երկու երկրի ղեկավարների աշխատանքային գրաֆիկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






