«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ), Եվրոպական միությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ կառույցների՝ կոչ անելով շարունակական մշտադիտարկում իրականացնել Հայաստանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։
ԲՀԿ-ն միջազգային կառույցներին կոչ է արել «չսահմանափակվել արձանագրված խնդիրների փաստմամբ» և ուշադրության կենտրոնում պահել նաև ընտրություններից հետո պետական մարմինների ընդունած որոշումները, որոնք, կուսակցության գնահատմամբ, կարող են ազդել քաղաքացիների քաղաքական ներկայացվածության վրա։
Կուսակցությունն իր կոչը կապել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ վերջնական զեկույցի հետ։ ԲՀԿ-ն հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ն անբավարար է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հիմնավորումը՝ երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ որոշման հնարավոր ազդեցությունը ընտրությունների վերջնական արդյունքների վրա։
Կուսակցության պնդմամբ՝ եթե այդ տեղամասերի արդյունքները հաշվարկվեին, ԲՀԿ-ն կհաղթահարեր խորհրդարան անցնելու սահմանված շեմը։
ԲՀԿ-ն անդրադարձել է նաև կուսակցության կալանավորված նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդմանը՝ միջազգային կառույցներից ակնկալելով գնահատական նաև այդ գործընթացին։
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացվածության իրավունքը և համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների իրավական և ինստիտուցիոնալ գնահատականին հասնելու նպատակով։
Կուսակցությունը նաև հայտնել է, որ շարունակելու է պայքարը Ծառուկյանի ազատ արձակման համար և այդ ուղղությամբ համագործակցելու է միջազգային կառույցների ու ինստիտուտների հետ։
ԵԽԽՎ-ն ավելի վաղ հրապարակել էր հունիսի 7-ի ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Դրանում վեհաժողովը «խիստ անբավարար» էր համարել ԿԸՀ-ի հիմնավորումը՝ երեք ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկնաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ։ Զեկույցում նշվել էր, որ այդ տեղամասերի արդյունքները հաշվի առնելու դեպքում ԲՀԿ-ն կարող էր հաղթահարել 4%-անոց շեմը և ստանալ խորհրդարանական մանդատներ։ Ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն ստացել էր ձայների 3,99%-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







