Երևանից Բաքու սեպտեմբերի 22-ի առավոտյան չվերթ է իրականացվել։ Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է ժամը 7:00-ին և Բաքվում վայրէջք կատարել։ Վերադարձը դեպի Երևան նախատեսված է այսօր՝ ժամը 22:29-ին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ չվերթով Ադրբեջան է մեկնել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը։ Տեղեկությունը Factor.am-ին հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ Գրիգորյանը Բաքվում մասնակցում է անվտանգության 4-րդ ֆորումին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ֆորումը կազմակերպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Միջոցառմանը մասնակցում են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ավելի քան 100 երկրի հատուկ ծառայությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ՝ ֆորումին մասնակցում է շուրջ 600 մարդ։
Ֆորումի թեման է՝ «Նոր մարտահրավերները գլոբալ անվտանգության ճարտարապետությունում և ահաբեկչության դեմ արդյունավետ համագործակցության մեխանիզմների ձևավորումը»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկումների առանցքում են ահաբեկչության, անդրազգային հանցավորության, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև էներգետիկ, տրանսպորտային, բանկային, ջրային և տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգությունը։
Քննարկվելու է նաև արհեստական բանականության, կիբեռհնարավորությունների և տիեզերական համակարգերի ոլորտներում աճող մրցակցությունը։
Գրիգորյանի այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Նրա՝ Բաքու մեկնելու մասին պաշտոնական տեղեկությունը հրապարակվել է միայն Երևան-Բաքու չվերթի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներից հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






