Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (ՀԵՄԱ) շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 35-ամյակի առթիվ՝ շնորհավորական գրառում հրապարակելով Facebook-ի իր պաշտոնական էջում։
«Շնորհավոր անկախության 35-ամյակը, Հայաստա՛ն»,- նշել է նա։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում գործունեությունը սկսել էր 2023 թվականի փետրվարին։ Հիմնական խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դիտարկումն ու զեկուցումը, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովմանը և կողմերի միջև վստահության ամրապնդմանը նպաստելը։ ԵՄ խորհուրդը 2025 թվականի հունվարին առաքելության մանդատը երկարաձգել էր մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին ընդունել էր առաքելության նոր ղեկավար Սատու Կոյվուին։ Կողմերը քննարկել էին առաքելության գործունեությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանային կայունության ապահովման հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







