Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջելով դադարեցնել ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունն Իրանի դեմ ռազմական գործողություններին՝ առանց Կոնգրեսի թույլտվության։ Ստորին պալատի՝ սեպտեմբերի 15-ի նիստի ուղիղ հեռարձակումն իրականացրել է C-SPAN-ը։
Քվեարկության ժամանակ փաստաթղթին կողմ է քվեարկել 220 կոնգրեսական, դեմ՝ 204-ը։ Բանաձևին աջակցել են քվեարկությանը մասնակցած բոլոր դեմոկրատները և յոթ հանրապետական։ Սա Իրանի հարցով Ներկայացուցիչների պալատի ընդունած արդեն երրորդ նման բանաձևն է։
Ուժի մեջ մտնելու համար բանաձևը պետք է հաստատի նաև Սենատը, որից հետո այն պետք է ստորագրի նախագահը, կամ Կոնգրեսը պետք է հաղթահարի նախագահի հնարավոր վետոն։ Նախորդ նմանատիպ բանաձևերը չէին հասել Թրամփի ստորագրմանը։
ԱՄՆ սահմանադրությամբ՝ պատերազմ հայտարարելու լիազորությունը պատկանում է Կոնգրեսին։ Օրենսդիրների և Սպիտակ տան միջև տարաձայնությունները վերաբերում են առանց Կոնգրեսի առանձին թույլտվության ռազմական գործողությունները շարունակելու նախագահի լիազորություններին։
Ավելի վաղ CBS News-ը հրապարակել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտներին Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքները պատկերող լուսանկարներ։ Սաուդյան Արաբիայի Prince Sultan ավիաբազայում լրջորեն վնասվել էր Boeing E-3 Sentry ինքնաթիռը, իսկ Քուվեյթի Camp Buehring և Camp Arifjan ամերիկյան ռազմական օբյեկտներում ավերածություններ էին արձանագրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







