Երեկ վարչապետն իր ՖԲ-յան էջի «Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը» վերնագրված եթերում վերջապես խոսեց համավարակի հաղթահարման ռազմավարության մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը։
«Դա ենթադրում էր իմունիզացված պատնեշի ստեղծման ռազմավարություն»,- նշել է Սահակյանը։
Եթերի ընթացքում, ըստ նրա, վարչապետը պնդում էր, որ 2 ամիս առաջ հնարավոր չէր այս ռազմավարությունն ընդունել, որովհետև պետք է ուսումնասիրվեր հիվանդությունը։
«Իհարկե, կարելի էր, 2 ամիս առաջ էլ դրա մասին էին խոսում բոլոր փաստարկները, հանրային դաշտում շատ է խոսվել դրա մասին ու դա, թերևս միակ ողջամիտ ռազմավարությունն է մինչև հիմա։ Կա, իհարկե, նաև հանգամանքը, որ դրա մասին խոսողները պատասխանատվության նույն բեռը չունեին, ինչ կառավարությունը։ Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք։ Մնում է դա տարերայնորեն չլինի, այլ կառավարելի ու մեկ էլ, սովորության համաձայն կանգ չառնեն ու հետ գնան տոտալ սահմանափակումների։ Վերջին տարբերակում այս վիճակը ուղղակի կհետաձգվի, իսկ սահմանափակումները հանելուց հետո կկրկնվի։ Ռազմավարության արդյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք՝ առանց աշնանային նոր ալիքից վախի»,- գրել է Սահակյանը։
Նշենք, որ նշյալ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունիսի 1-ի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով պակաս մահ, քան 2019-ի հունիսի 1-ի դրությամբ: Այս տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել է 2307, նախորդ տարի՝ 2213 մարդ։ Փաշինյանը նշել է, որ այս պատկերի բացատրությունը հետևյալն է՝ քաղցկեղով հիվանդների մեծ մասը վարակվել է կորոնավիրուսով, և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, վիրուսն է դարձել վարակի պատճառ:
Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիրը մեկն է՝ կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին պատշաճ բուժօգնություն ցույց տալ, որպեսզի հիվանդները լինեն այնքան, որ տեղավորվեն հիվանդանոցներում: Դա, ըստ նրա, մահացության ցուցանիշը նվազեցնելու կարևոր գործոնն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







