«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դիմել է այն քաղաքացիներին, որոնք հիասթափված են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և «Քաղաքացիական պայմանագրի»՝ իշխանությունը պահպանելու փաստից՝ կոչ անելով չհուսահատվել։
Նա համեմատել է 2021 և 2026 թվականների ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ 2026 թվականին հիմնական ընդդիմադիր ուժերը միասին գրեթե 80%-ով ավելի շատ ձայն են ստացել, քան 2021-ին։ Կարապետյանի գնահատմամբ՝ սա վկայում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցության շեշտակի անկման մասին։
«Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան — խմբ.) կառավարման ու «Քաղաքացիական պայմանագրի» ժամանակը հաշվված է։ Մեր միակ աշխատանքն այն է, որ դա լինի որքան հնարավոր է շուտ, որքան հնարավոր է քիչ կորուստներով», — հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև իշխանություններին մեղադրել է ընտրական գործընթացին միջամտելու, իսկ Հանրային հեռուստաընկերությանը՝ ընտրություններից առաջ «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ կեղծ տեղեկություն տարածելու մեջ։
«Ընտրությունն անցավ՝ մոռացան։ Մենք չենք մոռացել», — ասել է Կարապետյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ էր անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







