Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺ որոշման սահմանադրականությունը, «Փաստինֆո»-ին հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է կառավարության ծրագրի հաստատման վերաբերյալ դիմել Սահմանադրական դատարան։ Դիմումը ներկայում մշակվում է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի և խմբակցության մյուս պատգամավորների կողմից։
Աբրահամյանն ընդգծել է, որ դիմումը պատրաստելու ընթացքում Վարդևանյանը խորհրդակցում է նաև իրավաբանների, ոլորտի մասնագետների և սահմանադրագետների հետ։
«Դիմումի վրա աշխատում է պարոն Վարդևանյանը՝ մեր մյուս պատգամավորների հետ, դիմումի պատրաստման ընթացքում պարոն Վարդևանյանը խորհրդակցում է նաև Հայաստանի լավագույն իրավաբանների, ոլորտի մասնագետների, այդ թվում՝ սահմանադրագետների հետ»,- ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» հարցը դեռ չի քննարկել «Հայաստան» խմբակցության հետ։ Աբրահամյանը նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ձայները բավարար են։
Միաժամանակ՝ նա չի նշել ՍԴ դիմելու հստակ ժամկետը՝ ընդգծելով, որ դա արվելու է օրենքով սահմանված ժամկետներում։ Աբրահամյանը չի բացահայտել նաև, թե կառավարության ծրագրի հաստատման մասին որոշման կոնկրետ որ դրույթներն է խմբակցությունը պատրաստվում վիճարկել։
«Փաստինֆո»-ն ենթադրել է, որ դիմումը կարող է վերաբերել ինչպես կառավարության ծրագրի ընդունման ընթացակարգին, այնպես էլ դրա առանձին դրույթներին, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող հատվածին։
Աբրահամյանը, սակայն, չի մանրամասնել, թե հատկապես ո՞ր հարցերն են ներառվելու Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումում։
Այսօր ավելի ուշ կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցած «Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ չեն բացառում ծրագրի հաստատման հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը։
Խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի խոսքով՝ հարցը դեռ չի քննարկվել, սակայն նման առաջարկ կա։ Որպես հնարավոր հիմք՝ նա նշել է կառավարության ծրագրում Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթների ներառումը՝ դա համարելով «հակասահմանադրական»։
ԱԺ-ն կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը հաստատել էր օգոստոսի 25-ին։ «Ուժեղ Հայաստանը» դեմ էր քվեարկել։ Ծրագրի քննարկման ժամանակ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարության ծրագիրը «երեք պառակտման մասին է»՝ միտված Հայաստան-Սփյուռք կապերի, երկրում կրոնական համերաշխության, ինչպես նաև անցյալի և Անկախության հռչակագրի հետ կապի պառակտմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







