Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով, եզրակացրել են մի խումբ դատավարագետներ։
Հաշվի առնելով կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հանրային մեծ հնչեղությունը, ինչպես նաև դրա բացառիկ պատմական նշանակությունը հայ ժողովրդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համար՝ մասնագետները կազմել և Վեհափառ հայրապետին ու դատարանին են ներկայացրել սույն գործով Amicus Curiae եզրակացություն։
Եզրակացության հեղինակների փոխանցմամբ՝ փաստաթուղթը պատրաստվել է բացառապես իրավական վերլուծության հիման վրա՝ զերծ մնալով քաղաքական կամ այլ բնույթի գնահատականներից, և նպատակ ունի նպաստելու արդարադատության պատշաճ իրականացմանը։
Եզրակացության հիմնական թեզերն են.
- «Կարգալույծ անելը» քրեաիրավական հակաիրավականություն չի պարունակում։ Այն կարգավորվում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով և դուրս է պետական պոզիտիվ իրավունքի կարգավորման շրջանակից։
- Կարգալույծ անելու համար կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը համարվում է եկեղեցու ներքին գործերին քրեաիրավական միջամտություն և խախտում է Սահմանադրությամբ ու միջազգային իրավունքով երաշխավորված՝ պետության և եկեղեցու անջատության սկզբունքը, ինչպես նաև կրոնական կազմակերպության ինքնավարությունը։
- Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին վերագրվող արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը՝ կոնկրետ արարքը։ Նրանք ներկայացրել են կարգալույծ անելու վերաբերյալ առաջարկություն, որը վերջնական որոշում չի հանդիսացել։
- Քրեական հետապնդում հարուցելով՝ խախտվել է իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջը։ Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատական ակտով «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չէր, և նման արգելք հնարավոր չէր բխեցնել դատական ակտի մեկնաբանությունից՝ intra legem analogia կանոնի կիրառմամբ։ Հետևաբար, քրեական պատասխանատվության սահմանները փաստացի որոշակի են դարձել միայն հետագայում, ինչը հակասում է քրեական օրենքի որոշակիության և օրինականության սկզբունքներին։
- Նույնիսկ ձևական հանցակազմի առկայության դեպքում՝ տվյալ արարքն օժտված է նվազ վտանգավորությամբ։ Արման Սարոյանը կարգալույծ հռչակվելուց հետո փաստացի շարունակել է իր գործունեությունը որպես թեմի առաջնորդ՝ կրելով եպիսկոպոսական սքեմ և զբաղեցնելով առաջնորդի աշխատասենյակը։ Ավելին, պետությունը շարունակել է նրան ճանաչել որպես եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ։ Մասնավորապես, Սարոյանն ընդգրկվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։
Մասնագետների գնահատմամբ՝ այս հանգամանքը միանշանակ վկայում է, որ տվյալ արարքը չի խոչընդոտել արդարադատության բնականոն գործունեությանը։ Հետևաբար, համաչափության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից այն չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության համար։
Եզրակացությունը կազմել են իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Ղազարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Զորայր Հարությունյանը և Ռուս-Հայկական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հայցորդ Գրիգոր Չապանյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։
Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 7-ին գործով առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







