ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ պետք է որոշել՝ Հայաստանը հրաժարվո՞ւմ է «կոնյակ» բառից, թե՞ ոչ։ Նիստի ուղիղ հեռարձակումն Armenia Today-ի YouTube ալիքում։
«Կոնյակը Ֆրանսիայի տարածքում աճեցված խաղողից ստացված խմիչք է»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդդիմությանն առաջարկել է կոնսենսուս ձևավորել և լուծել ստանդարտացման հարցը՝ արգելելով «կոնյակ» բառի օգտագործումը։ Փաշինյանը նաև պնդել է, որ «հայկական կոնյակն ազգային արժեք» չի համարում:
2021-ի հունիսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ հայ արտադրողները 2043 թվականից Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կհրաժարվեն «կոնյակ» բառի օգտագործումից։ 2024-ի հուլիսին Պապոյանը հայտարարել էր, որ հայկական կոնյակը կվերանվանվի «Արմենիան բրենդի»։
Փաշինյանը 2024 թվականին կոչ էր արել հայկական արտադրանքը «կոնյակ» չանվանել և օգտագործել «բրենդի» անվանումը։ Նա նշել էր, որ «կոնյակ» անվանումը վերաբերում է Ֆրանսիայում արտադրվող խմիչքին։
Հայկական կոնյակի արտադրության սկիզբը դրվել է 1887 թվականին Երևանում՝ վաճառական Ներսես Թաիրյանի կողմից։ Վերջինս առաջին անգամ հայկական կոնյակ էր արտադրել՝ կիրառելով ֆրանսիական տեխնոլոգիայի կանոնները։ Արտադրությունը նոր մակարդակի հասցնելու և արտադրանքը երկրից դուրս ճանաչելի դարձնելու նպատակով՝ 20-րդ դարի սկզբին, ձեռնարկությունը միացել էր Ռուսաստանում հայտնի «Շուստով և որդիներ» գործընկերությանը։
Նոր սեփականատերը ֆրանսիացի մասնագետներից իրավունք էր ստացել շշերի վրա «կոնյակ» բառը նշելու։ Հայկական կոնյակի հայտնի երկրպագուներից էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ Նա հայկական կոնյակը համտեսել էր ԽՍՀՄ կառավարության ղեկավար Իոսիֆ Ստալինի հետ հանդիպումների ժամանակ։
Ըստ տարածված պատմության՝ դրանից հետո, մինչև Չերչիլի մահը, նրան եռամսյակը մեկ Լոնդոն էր ուղարկվում «Դվին» կոնյակի 10 արկղ։ Չերչիլը հայկական կոնյակը համարում էր իր երկարակեցության գաղտնիքներից մեկը։ «Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»,- ասում էր Բրիտանիայի վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






