Կորոնավիրուսային ժամանակաշրջանում բոլորը պետք է վերագնահատեն իրենց վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես քաղաքացիական պարտականությունների նկատմամբ. նոր ընկալմամբ պետք է լինի այնպես, որ օրենքները ստեղծում են բոլորը՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քննարկմանը միացել էր տեսակապով։
«Ես կարծում եմ, որ հիմա հենց այս օրերին Հայաստանում խորը գերագնահատման պրոցես է տեղի ունենում: Եվ այդ խորը գերագնահատաման պրոցեսը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ: Այսօր մենք տեսնում ենք անհատի և պետական կարգի հարաբերությունները: Եվ ըստ էության կանգնում ենք հետևյալ հարցի առաջ՝ ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունն ու պետականությունը, արդյոք մեր պետությունն ու պետականությունն ընկալում ենք պատմության դասագրքերում ձևակերպված պետությունը որպես բռնության գործիք բանաձևով, թե՞ այնուամենայնիվ, մենք մեր ազգային պետությունը, ՀՀ-ն դիտարկում և ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի կարծիքով՝ այժմ՝ կորոնավիրուսի համաճարակի արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները, քանի որ հին ընկալմամբ օրենքները գրում են իշխողները, որպեսզի քաղաքացիներիս պահեն իրենց հսկողության տակ:
«Նոր ընկալմամբ՝ պետք է լինի այնպես, որ օրենքները ստեղծում ենք մենք բոլորս ՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են:
«2018-ի հեղափոխության ժամանակ մենք վերագնահատեցինք, վերափոխեցինք մեր հարաբերությունները մեր ազատությունների և իրավունքների նկատմամբ: Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ»,- նշեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







