Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակելու որոշմանը, դժգոհ է նրա աշխատանքից, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ կառավարության ղեկավարի դժգոհության պատճառը ռազմական գերատեսչությունում տիրող իրավիճակն է։ Դժգոհությունների հիմնական պատճառը խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի աճող վիճակագրությունն է և դրա շուրջ հանրային քննադատությունը։
Փաշինյանի գնահատմամբ՝ պատերազմական գործողությունների բացակայության պայմաններում նախարարությունը թերանում է զորքի բարոյահոգեբանական վիճակի և ներքին կանոնակարգային հարցերի կարգավորման գործում, իսկ մարտական դիրքերում իրավիճակը գնահատվում է անբավարար։
2026 թվականի տարեսկզբից մինչ այժմ պաշտոնապես ութ զինծառայողի մահվան մասին է հաղորդվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ոչ մարտական կորուստների 90 տոկոսը կապված է բանակի հետ առնչություն չունեցող 3 պատճառների հետ («խաղադրույքներ կատարելը», «ընտանեկան կամ անձնական խնդիրները», «դիրքում քնելու հետ կապված վեճերը»), և ինքն իրեն մեղավոր է համարում, որ այդ խնդիրների լուծումները մինչ այժմ չեն գտնվել։
Մամուլի ասուլիսում անդրադառնալով հարցադրմանը, որ ինքը ՊՆ նախկին նախարար Վազգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ զոհերի հետ կապված «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերնագրով հոդված էր գրել, արդյոք հիմա ինքը և Պապիկյանը «նվեր են մատուցում»՝ պատասխանել էր. «Այո՛, զինվորների մայրերի մասով կարող ենք այդպես ասել»։
Պարբերականի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Պապիկյանը կոշտ զրույց են ունեցել։ Թերթի տեղեկություններով՝ իշխող թիմում քննարկվել է նաև նախարարի պաշտոնանկության հարցը՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի սցենարով, սակայն որոշումը չի կայացվել այլընտրանքային թեկնածուի բացակայության պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






