«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք իրավիճակ, որը բնութագրվում է ծանր, շատ ծանր, անգամ՝ պատերազմական բնութագրիչներով, և մեզ պետք է սթափություն»: Այս մասին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց իր արտահերթ ելույթում։
Խորհրդարանի նախագահը ընդգծեց, որ այսպիսի իրավիճակներում, գործին չի կարող օգուտ տալ խուճապը:
«Չկա այդպիսի իրավիճակ, որտեղ կարելի է կորցնել կառավարումը: Ամեն ինչ սկսվում է իրավիճակի ճիշտ գնահատականից: Որքան վնասակար են անլրջությունը և իրավիճակի թույլ գնահատումը, այնքան և գուցե եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը»,- նշեց ԱԺ նախագահը:
Հակադարձելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, ով ավելի վաղ հորդորել էր անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային կարիքների համար տրամադրել մինչև անգամ ԱԺ շենքը Միրզոյանը նշեց, որ այդպես խոսելը ճիշտ չէ:
Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ իշխանությունը քանիցս հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ամենամեծ պատասխանատվությունն իր վրա է, և իրենք չեն փախչում այդ պատասխանատվությունից:
Նա նշեց, որ իրավիճակը բարդ է, բայց կառավարելի: Պետք է քայլերով շարժվել դեպի հաղթահարում, կգա պատասխան տալու ժամանակը, և կառավարությունը հանդես կգա՝ փողն ինչի վրա է ծախսվել։
«Մի՛ արեք այդպես: Հատկապես վերջին օրերին մեր ողջ քաղաքական թիմը հայատարարում է, որ, այո՛, պատասխանատվությունը մերն է, մենք երբեք չենք փախչում պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ՝ թող ոչ ոք չմտածի՝ եթե մենք ասում ենք, որ պատասխանատվությունը մերն է, ուրեմն մնացածը գործ չունեն, մի կողմ քաշվեն: Պետք է կոչ անեմ, որ բոլոր նրանք, ովքեր հանրային կոչեր են անում, եթե սովորաբար 10 անգամ, ապա այս իրավիճակում 11 անգամ մտածեն ամեն շեշտադրման վրա»,- նշեց Միրզոյանը:
Անդրադառնալով Նարեկ Զեյնալյանի առաջարկին՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանը դեմ քվեարկել և տեղափոխել առաջարկների ներկայացման փուլ՝ ԱԺ նախագահը մանրամասնեց, որ անհրաժեշտ է դադար վերցնել, մի քանի օր մտածել հարցի շուրջ:
«Գաղափարը եղել է, գաղափարը քննարկվել է, հանձնվել է թղթին, և հետո այլ գերատեսչության կողմից որոշ հարցեր են բարձրացվել, առաջին հերթին՝ ֆինանսական: Եվ պետք է մի հատ էլ մտածել, մի հատ էլ հաշվել, եթե կպարզվի, որ որոշ շտկումներից հետո կիրառելի է, կընդունենք, կպարզվի՝ անհաղթահարելի խոչընդոտներ կան՝ չենք ընդունի»,- նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






