Խորհրդարանը 27 կողմ, 82 դեմ , 0 ձեռնպահ ձայնով չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հաջորդիվ քվեարկությամբ՝ 85 կողմ, 2 ձեռնպահ և 0 դեմ ձայներով նախագիծը տեղափոխվեց գրավոր առաջարկությունների փուլ։
Նշենք, որ ավելի վաղ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ Կառավարությունն, ընդհանուր առմամբ, դեմ չէ կորոնավիրուսի հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստի գաղափարին, սակայն առաջարկել է մի քանի օր դադար վերցնել՝ հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ երեկ առաջին ընթերցմամբ քննարկվել էր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առկայությունը պայմանավորված է Covid-19 համավարակով: Հեղինակն առաջարկում էր ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման նպաստ: Կարգավորումը, ինչպես նշել է հեղինակը, վերաբերում է վարձու կամ ինքնուրույնաբար աշխատանքով զբաղված քաղաքացիներին: Նպաստի այս տեսակից չեն օգտվի մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտած, հարկադիր պարապուրդի կապակցությամբ գործատուի կողմից 2/3-ի չափով աշխատավարձ ստացած, ինչպես նաև հեռավար աշխատած քաղաքացիները: Խնդրի կարգավորման նպատակով Նարեկ Զեյնալյանն առաջարկում է օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հոդվածով. «Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»: Օրենսդրական կարգավորումը նպատակ ունի բարձրացնել աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նպաստել աշխատաշուկայում ստվերի կրճատմանը և աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






