«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 91-ը։ Ռուբինյանն ընտրվել է 63 «կողմ» և 28 «դեմ» ձայներով։
Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ դաշինքը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը։ «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ռուբինյանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Խմբակցության նախկին ղեկավար Հայկ Կոնջորյանը և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դարձել էին խորհրդարանի փոխնախագահի թեկնածուներ։
Ռուբինյանն ԱԺ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։ Ընդդիմադիր խմբակցություններն իրենց թեկնածուները չէին առաջադրել։ Ընտրությունն անցկացվել է օգոստոսի 3-ին՝ գաղտնի քվեարկությամբ։ Նիստի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Ռուբինյանի թեկնածության քննարկումն սկսվել էր օգոստոսի 2-ին՝ նոր խորհրդարանի աշխատանքի առաջին օրը և շարունակվել օգոստոսի 3-ին։ Պատգամավորների առջև ելույթ ունենալով՝ նա իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկել էր նոր գումարման ընթացքում հարաբերությունները համարել «զրոյական կետ», հրաժարվել փոխադարձ վիրավորանքներից և վարել սուր, բայց բարեկիրթ քննարկումներ։
Քննարկման ընթացքում Ռուբինյանը նաև հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ստացած մանդատը բավարար է Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար։ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքը նա անվանել էր «բացարձակ և անվիճելի կարմիր գիծ»։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Ռուբինյանն ընդունել էր, որ կարգավորման գործընթացը չի ընթացել Երևանի ակնկալած տեմպերով։ Նրա խոսքով՝ Հայաստանն Անկարայից սպասում է սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացմանը և պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել։
ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Ռուբինյանն այլևս չի շարունակի կատարել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պարտականությունները։
Ռուբինյանը 36 տարեկան է։ 8-րդ գումարման Ազգային ժողովում նա զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Խորհրդարանի նախագահի պաշտոնում նա փոխարինել է Ալեն Սիմոնյանին։
9-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով։ Այն բաղկացած է 105 պատգամավորից․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






