Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ընթացել Հայաստանի իշխանությունների ցանկալի տեմպերով, 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրից» ԱԺ խոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
Այսպես է նա արձագանքել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի ու Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե Անկարան Երևանի հետ խոսում է նախապայմանների լեզվով և դրանց միջոցով ճնշում գործադրում։
Ռուբինյանը համաձայնել է ընդդիմադիր պատգամավորների կարծիքներին, որ Անկարան ու Երևանը բանակցությունների ընթացքում պարբերաբար ֆիքսել են, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը պետք է շարունակվի առանց նախապայմանների, սակայն Թուրքիայից շարունակում են հնչել են հայտարարություններ, որոնք այս պայմանավորվածությանը հակասում են։
ՔՊ պատգամավորը նշել է, որ չնայած ընթացող բանակցություններին՝ Երևանը դեռ սպասում է Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածության իրականացմանը։
«Ժամանակն է, որ Թուրքիայի կողմից ավելի ակտիվ առաջընթաց լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ես չգիտեմ պատճառը և չեմ կարող մատնանշել, թե ինչու Հայաստանն ու Թուրքիան հենց վաղը չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ և բաց սահմաններ»,- ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություններում կան պայմանավորվածություններ, որոնք իրագործվել են, և կան պայմանավորվածություններ, որոնք իրագործման փուլում են։
«Անիի կամրջի վերաբերյալ ստորագրվել են արձանագրություններ, որտեղ տեխնիկապես նկարագրված է, թե ինչպես է այն վերականգնվելու, այդտեղ խնդիր չկա, զուտ տեխնիկական հարցեր են՝ նախագիծ և այլն։ Կատարվել են նաև երկու ամենապրակտիկ փոփոխությունները՝ ուղիղ առևտրի մեկարկ և Կարս-Ախալքալաք երկաթգծի բացում, որն ահռելի տնտեսական նշանակություն ունի»,- հայտարարել է Ռուբինյանը։
ՔՊ պատգամավորի հիշեցրել է, որ թուրքական կողմը վերանորոգում է նաև Գյումրի-Կարս երկաթգծի իր տարածքով անցնող հատվածը։
Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2021 թվականի վերջին։ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ նա պաշտոնական 6 հանդիպում էր անցկացրել, վերջինը՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Երևանում։
Վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման գործընթացը, ուսումնասիրել Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդման գծի գործարկման տեխնիկական հնարավորությունները։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, իսկ ցամաքային սահմանը Թուրքիայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






