ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարին քննարկել են ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղանբարին նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկել է Հայաստան-Իրան օրակարգային հարցերն ու ընթացիկ աշխատանքները:
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ղանբարիի հետ քննարկել է էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։ Նրա խոսքով՝ հարցերի այն լայն շրջանակը, որը քննարկվել է Իրանում, և ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքը՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։
Ավելի վաղ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել էին ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







