Կառավարությունն իրավունք չունի քաղաքացիների վրա գցել Հայաստանում կորոնավիրուսի տարածման սարսափելի տեմպերի ողջ պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Անշուշտ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է օրինապաշտ լինի, պարտավոր է հետևել պարետատանկանոններին։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ են արել իրավիճակի մեղմացման պատասխանատուները։ Արդյոք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվություն», — հայտարարել է պատգամավորը։
Զոհրաբյանը նշել է, որ անընդունելի է պատասխանատվությունը բարդել քաղաքացիների վրա այն պայմաններում, երբ պատասխանատուները մեկ օր անց փոխում են իրենց դիրքորոշումը, կամ միմյանց հակասող հայտարարություններ են անում:
Նման պայմաններում ցանկացած մարդ կարող է խճճվել, վստահ է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ երկիրը հայտնվել է քաոսի շեմի։
«Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։ Կառավարությունը պարտավոր է լսել մասնագետների կարծիքները։ Լսե՛ք խելացի մարդկան, մի՛ մտածեք, թե Դուք ամեն ինչ կարող եք, Դուք անքննելի եք, որ Դուք անքննադատելի եք։ Սա պատերազմ է՝ հայտարարված բոլորիս, այստեղ հաղթողներ և պարտվողներ չկան, պարտվելու է պետությունը, եթե անկառավարելի քաոսից մենք ելք չգտնենք։ Բայց ելքը չպետք է լինի մեղադրյալի աթոռին քաղաքացուն նստեցնելով», — եզրափակեց Զոհրաբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






