Հայաստանի մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր համատեղ հայտարարությամբ դատապարտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող, բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում անցկացվող խուզարկությունները։
Հայտարարության հեղինակներն աջակցություն են հայտնել Ծառուկյանին և տեղի ունեցողը գնահատել որպես քաղաքական հետապնդում։ Նրանք պնդել են, որ իշխանությունների գործողությունները պայմանավորված են բացառապես Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ, նպատակ ունեն ճնշելու ընդդիմությանը և վախի մթնոլորտ ձևավորելու։ Ընդդիմադիր ուժերը նաև հայտարարել են, որ հետապնդումները, իրենց գնահատմամբ, վնասում են երկրի քաղաքական համակարգին, սեփականության իրավունքի պաշտպանությանը և ներդրումային միջավայրին։
Հայտարարության հեղինակները կոչ են արել միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին։ Նրանք ընդգծել են, որ շարունակելու են «բացառապես օրինական և քաղաքական միջոցներով» պաշտպանել քաղաքացիների իրավունքները, սահմանադրական կարգն ու ազգային շահերը։
Հայտարարությունն ստորագրել են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայաքվեն, Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Դեմոկրատական այլընտրանքը, Մայր Հայաստանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։
Իրավապահ մարմիններն այսօր առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի առանձնատանը և նրան պատկանող ձեռնարկություններում։ Ծառուկյանն այժմ ձերբակալված է։



































