Իրավապահները Գյումրիի համայնքապետարանում ստուգումներ են սկսել՝ հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Գյումրիում պետք է ավագանու արտահերթ ընտրությունները անցկացվեն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիների նախարարությունը հունիսի 25-ին և 26-ին ներկայացուցիչներ էր ուղարկել Գյումրի։
Թերթի փոխանցմամբ՝ իրավապահներն ստուգել են համայնքապետարանի փաստաթղթերը և հաստիքացուցակները։ Նշվում է, որ իրավապահները մանրամասն ուսումնասիրել են հատկապես ֆինանսական և ճարտարագիտական բաժինները, իրենց հետ վերցրել փաստաթղթեր՝ հավելյալ ստուգման համար։
Թերթի աղբյուրները չեն բացառել, որ քաղաքի կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը։
Փաշինյանը հունիսի 9-ին կառավարության անդամների հետ քննարկմանը հրահանգել էր Գյումրիում հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ նշելով, որ պատրաստ է նույնիսկ շրջանցել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վարչապետն իր դժգոհությունն էր հայտնել քաղաքի անմխիթար վիճակից, որոնք արձանագրել էր քարոզարշավի շրջանում։



































