ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 9-ին կառավարության անդամների հետ քննարկմանը հրահանգել է Գյումրիում հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ նշելով, որ պատրաստ է նույնիսկ շրջանցել տեղական ինքնակառավարման մարմիններին։
Վարչապետն իր դժգոհությունն է հայտնել քաղաքի անմխիթար վիճակից, որոնք արձանագրել է քարոզարշավի շրջանում։
«Այն, ինչ տեսա Գյոււմրիի թաղամասերում, ինձ համար անսպասելի էր և, ճիշտն ասած, նույնիսկ շոկային։ Ես չէի կարող պատկերացնել, որ երկրում, որտեղ ես վարչապետ եմ, կարող են լինել այնպիսի բակեր ու փողոցներ, որոնք տեսա մասնավորապես 58-րդ թաղամասում։ Խայտառակ տեսարաններ են»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պահանջում է արագ լուծումներ, այդ թվում՝ քաղաքական։ Նա շեշտել է, որ Գյումրիում պետք է հնարավորինս արագ անցկացվեն արտահերթ ընտրություններ։
«Պետք է ձևերը գտնենք։ Մինչև սա էլ եմ ասել եմ՝ Գյումրիում հնարավորինս արագ պետք է արտահերթ ընտրություններ լինեն՝ թեկուզ շրջանցելով ՏԻՄ-երին։ Մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ կառավարության տարեկան 500 կմ ճանապարհաշինության պլանի շրջանակներում Գյումրիում պետք է իրականացնեն տարեկան 25 կմ ճանապարհի հիմնանորոգում, իսկ Երևանում՝ 50 կմ։
Գյումրիում քաղաքական իրավիճակը սրվել էր 2025 թվականի ապրիլին ընդդիմադիր ուժերի միավորումից հետո, երբ քաղաքում իշխանությունն անցավ Վարդան Ղուկասյանի գլխավորած Կոմունիստական կուսակցությանը։ Գյումրիում ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չէր ստացել բացարձակ մեծամասնություն, ինչը հանգեցրել էր ընդդիմադիր կոալիցիաների ձևավորմանը և քաղաքական ճգնաժամի։
Չնայած վարչապետի պահանջին՝ Գյումրիի ավագանու խմբակցությունները պնդում են, որ այս պահին քաղաքային խորհուրդը ցրելու իրավական հիմքեր չկան։ Ըստ օրենսդրության՝ արտահերթ ընտրություններ նշանակելու համար ավագանին պետք է չկարողանա մեկ նստաշրջանի ընթացքում առնվազն երկու նիստ գումարել, սակայն այս պահին ավագանին շարունակում է աշխատանքը և ապահովում է քվորում որոշումների ընդունման համար։
Ղուկասյանը 2025 թվականի հոկտեմբերից կալանավորվել էր կաշառք պահանջելու մեղադրանքով։ Նա 2026-ի մայիսի 30-ին գյումրեցիներին կոչ էր արել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Հունիսին Ղուկասյանին վերագրվող նոր քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանության յուրացման ենթադրյալ փորձի մեղադրանքով։

































