«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, սակայն մերժում է ստացել։ Նա այս մասին պատմել է Factor-ի հարցազրույցում։
Նա նշել է, որ թեև «արևմտյան արժեքներ կրող ուժերը» խորհրդարան չեն մտել, սակայն ընտրությունների արդյունքն իրենց համար հաղթանակ էր, քանի որ «կանխվել է ռուսական ազդեցության ուժերի՝ իշխանության գալը»։
«Ես ասել եմ՝ հաղթանակ կհամարեմ, եթե Հայաստանի քաղաքական ուղեգիծը չփոխվի, և ռուսական ազդեցության քաղաքական ուժերը չգան իշխանություն։ Համարում եմ, որ այսօր Ռուսաստանի՝ նման կարգի միջամտության, ընտրական տուրիզմի ներդրման, փողային նման ներհոսքի ներմուծման և ընտրակաշառքի բաժանման պարագայում, երբ մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել և «ո'չ» ասել ռուսական ուղղությանը, դա նաև իմ հաղթանակն է, դա նաև արևմտյան թևի հաղթանակն է, որն իրականություն դարձավ»,- ասել է նա։
Սարգսյանի խոսքով՝ արևմտյան թևի ամբողջական միավորումը կարող էր իրականացնել միմիայն իշխանությունը, ինչը տեղի չունեցավ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրել է «բալանսավորման» քաղաքականություն։
Ըստ Սարգսյանի՝ չնայած Ռուսաստանը չի կարողացել իրենց ձեռնտու ուժերին իշխանության բերել, սակայն Հայաստանի խորհրդարանում կարողացել է ձևավորել իր շահերն սպասարկող հստակ բևեռ։ Նա ԱԺ նոր կառուցվածքը բնութագրել է ՔՊ-ից և «ակնհայտորեն ռուսամետ կողմնորոշման ընդդիմադիր ուժերից» կազմված խորհրդարան։
Այս ուժերի գործունեությունը, ըստ նրա, ուղղված է լինելու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մշտական օրակարգում պահելուն և իշխանության ցանկացած քայլ քննադատելուն, որը կարող է դիտարկվել որպես հեռացում Մոսկվայից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Ընտրություններին մասնակցած ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել, առաջարկել անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ մանդատների բաշխման այլ կարգ կիրառել։ Քննությունը մեկնարկել էր հունիսի 26-ին, իսկ ՍԴ որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։




































